«Փյունիկը» ճիշտ ճանապարհի վրա է. Մելիքյան
Երևանի «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի կարծիքով Հայաստանի բազմակի չեմպիոնը լավ է պատրաստվել մրցաշրջանի երկրորդ հատվածին:
«Կարող եմ ասել, որ լավ ենք նախապատրաստվել առաջնության համար: Մենք թիմային ոգի ունենք, կազմակերպված ենք խաղում, խաղային կարգապահություն կա: «Փյունիկ»-ը ճիշտ ճանապարհի վրա է: Պատահում է այնպես, որ թիմն ուժեղ խաղ է ցուցադրում, բայց հաղթանակի չի հասնում: Մենք շարունակելու ենք նույն ոգով աշխատել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարզչի խոսքերը փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:
Մելիքյանի խոսքով` նորեկները դեռևս հարմարվելու փուլում են, նրանք, որոնք նոր են միացել թիմին իրենց ներդրում կունենան ակումբի առաջխաղացման գործում:
Հայաստանի ֆուտբոլի առաջնության դեռևս 6-րդ տուրից հետաձգված խաղում երկրի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ն մրցեց «Փյունիկ»-ի հետ: Առաջինը հանդիպման հաշիվը բացեցին «Փյունիկ»-ի ֆուտբոլիստները` աչքի ընկավ Տակարկովը: Սակայն Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը չկարողացավ պահպանել հաղթական հաշիվը և «Արարատ-Արմենիա»-ն հետ բերելով կորցրածը կարողացավ նաև հաղթանակ կորզել: Առաջին կեսում իր առաջին գնդակը Հայաստանի առաջնությունում խփեց «Արարատ-Արմենիա»-ի նորեկ Ալեքսանդր Կարապետյանը: Մեկ անգամ էլ աչքի ընկավ Անգուլոն: «Արարատ-Արմենիա»- «Փյունիկ»` 2:1: Այս հաղթանակից հետո «Արարատ-Արմենինա»-ն բարելավեց դիրքը մրցաշարային աղյուսակում և գլխավորում է այն 21 միավորով: Նույնքան միավոր ունի «Ալաշկերտ»-ը: «Փյունիկ»-ը նախավերջինն է: