Պատժամիջոցների վերաբերյալ զգուշացումները, հանդիպումները վկայում են, որ Արևմուտքը ավելի կոնկրետ քայլեր է ակնկալում Երևանից. պատգամավոր
«Պետք չէ հասցնել ճնշումները մի մակարդակի, որից հետո իրականացնել այդ անհրաժեշտ գործողությունները», - «Ազատության» հետ զրույցում ասաց տնտեսագետ, Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
Վերջին ամիսներին նախ Միացյալ Նահանգները, ապա նաև Եվրամիությունը, մատնացույց անելով Արևմուտքից Հայաստան, ապա նաև այստեղից Ռուսաստան արտահանման ծավալների շեշտակի աճը, հորդորում էին չաջակցել Կրեմլին և արգելված ապրանքները Ռուսաստան չհասցնել։ Մասնավորապես, 2022-ին, ԵՄ անդամ պետություններից Հայաստան արտահանման ծավալները շուրջ 1.9 միլիարդ եվրո են կազմել, այնինչ նախապատերազմական 2021-ին այս ցուցանիշը 760 միլիոն էր՝ 2.5 անգամ պակաս։ Հատկապես աճել է էլեկտրոնային սարքերի ներմուծումը Հայաստան։ Այս զգուշացումները բանավոր հորդորներով չսահմանափակվեցին՝ Հայաստանում գրանցված երկու ընկերություններ արդեն իսկ հայտնվել են սանկցիաների տակ, մեկը հենց էլեկտրոնիկայի մեծածախ վաճառքով է զբաղվում, մյուսը՝ քիմիկատների, լաբորատոր սարքավորումների ներկրմամբ։
Արևմուտքը պնդում է, թե այս ընկերություններն աջակցում են ռուսական բանակին Ուկրաինայի դեմ պատերազմում։ Այս օրերին էլ Երևանում են արևմտյան երկրների պատժամիջոցային հարցերի հատուկ ներկայացուցիչները։ ԱՄՆ պետքարտուղարության պատժամիջոցների համակարգման գրասենյակի ղեկավար Ջեյմս Օ՛Բրայենն արդեն հանդիպել է վարչապետ Փաշինյանին։ Կառավարության հաղորդագրության մեջ պատժամիջոցների մասին ուղիղ հիշատակում չկա, սակայն Միացյալ Նահանգների դեսպանատունը ավելի վաղ տեղեկացրել էր, որ Օ՛Բրայենը պատրաստվում է վարչապետի հետ քննարկել ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում համագործակցության հարցերը։ Այստեղ է նաև Միացյալ Թագավորության արտաքին գերատեսչության պաշտոնյան։
Պատգամավոր Թադևոս Ավետիսյանի կարծիքով՝ հաճախակի զգուշացումները և այս հանդիպումները վկայում են, որ Արևմուտքը ավելի կոնկրետ քայլեր է ակնկալում Երևանից. «Մենք գտնվում ենք մի սահմանային իրավիճակում, գոնե կարողանանք դուրս գալ այս իրավիճակից, որովհետև հակառակ պարագայում մենք լուրջ տնտեսական խնդիրներ ենք ունենալու զարգացման հաջորդ փուլի համար, և սա, այո, կբերի ոչ միայն լուրջ տնտեսական հետևանքների, նաև սոցիալական հետևանքների»։
Երևանը մշտապես պնդում է, թե չի օգնում Ռուսաստանին շրջանցել սանկցիաները։ Իշխանությունները, սակայն, ընդունում են՝ արևմտյան պետությունների պաշտոնյաների հետ հանդիպումներում այս հարցը դրվում է հայկական կողմի առջև։
Ի՞նչ է անում կառավարությունը ներկրում-արտահանում շեշտակի աճը վերահսկելու և հնարավոր բացասական զարգացումներից խուսափելու համար։ Անցած ամիս ոչ Ռուսաստանի և ոչ էլ պատժամիջոցների անունը չտալով՝ գործադիրը հենց տեխնոլոգիական սարքերի վերաբերյալ որոշում ընդունեց՝ դա ազգային անվտանգության հարց համարելով։ Ըստ Կառավարության՝ բազմաթիվ ապրանքների արտահանումն ու տարանցիկ փոխադրումն ավելի խիստ պետք է հսկվի, այսուհետ նաև համապատասխան թույլտվություններ պետք կգան։ Դրանց թվում են չիպերը, տրանսֆորմատորները, տվյալների փոխանցման սարքավորումները, տեսախցիկները, ալեհավաքները, նավիգացիոն սարքերը և բազմաթիվ այլ ապրանքներ։ Երեկ ընդունած մեկ այլ որոշմամբ էլ գործադիրը պարզաբանեց, թե ինչպես և ում միջոցով է իրականացվելու հսկողությունը։ Սա, սակայն, օրենսդրական փոփոխություն է, այսինքն՝ դեռ պետք է խորհրդարանի հավանությանն արժանանա։