Իրանցի կանանց թույլ են տվել մարզադաշտից ֆուտբոլ դիտել
Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը հավանություն է տվել ֆուտբոլային մարզադաշտերում կանանց ներկայությանը։ Այս մասին հայտարարել է Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Մեհդի Թաջը։
«Կանայք կկարողանան մտնել մարզադաշտեր։ Բարեբախտաբար, Ազգային անվտանգության խորհուրդը հավանություն տվեց այս հարցին և աշխատանքային խումբ նշանակեց դրա իրականացման համար։ Ներքին գործերի նախարարությունը, սպորտի և երիտասարդության քաղաքականության նախարարությունը, Ֆուտբոլի ֆեդերացիան և տեղեկատվության նախարարության երկու գործակալություն պլանավորում են կանանց մարզադաշտեր այցելելու մանրամասները»,- Թաջին մեջբերում է ISNA-ն:
Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարը հայտարարել է նաև սպորտային ռադիոյով կանանց սպորտին նվիրված հատուկ ալիքի գործարկման մասին։ Հիշեցնենք, որ մինչև 1979 թվականի իսլամական հեղափոխությունը, իրանցի կանայք կարող էին ազատորեն դիտել խաղերը մարզադաշտում: Սակայն դրանից հետո նրանց արգելել են հետևել մարզադաշտում անցկացվող մրցումները, որոնց մասնակցում են տղամարդիկ։
The post Իրանցի կանանց թույլ են տվել մարզադաշտից ֆուտբոլ դիտել appeared first on ԳԱԼԱ.