Վիտալի Բալասանյանը շարունակում է մնալ հիվանդանոցում, նրա՝ ձերբակալված մերձավոր ազգականներն արդեն ազատ են արձակվել
Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանի՝ նախօրեին ձերբակալված որդին՝ Արթուր Բալասանյանը, եղբայրը՝ Վաչիկ Բալասանյանը, քեռորդին՝ Գարիկ Յուզբաշյանն արդեն ազատ են արձակվել, իսկ Վիտալի Բալասանյանը շարունակում է գտնվել հիվանդանոցում՝ սրտի հետազոտման։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը։
Նշենք, որ Վիտալի Բալասանյանի առողջական վիճակը վատթարացել է երեկ եւ նա տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ էլ շարունակում է գտնվել, իրականացվել է կորոնարոգրաֆիա։ Ինչպես Վիտալի Բալասանյանին, այնպես էլ՝ ձերբակալված եւ ազատ արձակված ազգականներին, այս պահի դրությամբ, մեղադրանք առաջադրված չէ։ Քննիչները Վ.Բալասանյանին միայն դատաբժշկական փորձաքննություն նշանակելու որոշմանն են ծանոթացրել։
Նշենք, որ դատարանը երեկ մերժել է Վիտալի Բալասանյանի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ բողոքը։ Պաշտպանն արդեն վերաքննիչ դատարան բողոք է ներկայացրել։
Հիշեցնենք, որ Արցախում տիրող լարված իրավիճակի պայմաններում նախօրեին՝ հուլիսի 13-ին ԱԱԾ-ն իր իսկ տանից ձերբակալել է Վիտալի Բալասանյանին, նրա որդուն, եղբորը, քեռորդուն։ Բալասանյանի ձերբակալության վերաբերյալ մամուլում ոչ պաշտոնական և խիստ հակասական լուրեր շրջանառվեցին, որոշ ԶԼՄ-ներ Բալասանյանի ձերբակալությունը փորձեցին կապել ենթադրյալ կոռուպցիոն բնույթի գործի հետ՝ նշելով, թե Բալասանյանն իբրև մեղադրվում է փողերի լվացման մեջ, մինչդեռ, ինչպես պարզվեց՝ Վիտալի Բալասանյանի ձերբակալությունը որևէ առնչություն չունի պաշտոնեաան պարտականությունների կատարման հետ։ Քրեական գործը, որի շրջանակներում խուզարկություն էր իրականացվել, վերաբերում է Բալասանյանի որդու կողմից վարկն իբրև ոչ նպատակային օգտագործելու հետ։ Մասնավորապես, Արցախի դատախազությունը երեկ հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 14.06.2021թ. որոշմամբ Ասկերան քաղաքի բնակիչ Ա. Բ.-ին նպատակային փոխառության պայմանագրով տրամադրվել է 74.500.000 ՀՀ դրամ փոխառություն՝ մեղվաընտանիքներ ձեռք բերելու նպատակով, սակայն փոխառու Արթուր Բալասանյանի կողմից նպատակային փոխառության պայմանագրով տրամադրված գումարը օգտագործվել է ոչ նպատակային, դրանք չեն ուղղվել պայմանագրի պարտադիր պայման հանդիսացող մեղվաընտանիքների ձեռք բերմանը, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է խոշոր վնաս: Ընդ որում, քրեական գործը հարուցվել է 2023թ. հուլիսի 12-ին, սակայն Բալասանյանի որդու և մյուսների ձերբակալությունը ևս այս գործի շրջանակներում չէ, իսկ վարկը ոչ նպատակային օգտագործելու վերաբերյալ գործով Վիտալի Բալասանյանի որդին դեռևս որևէ կարգավիճակ չունի։
Վիտալի Բալասանյանը ձերբակալվել է ԱՀ Քրեական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության սպառնալիքի կասկածանքով։ Վիտալի Բալասանյանից բացի իրավապահները նույն կասկածանքով ձերբակալել են նրա որդուն՝ Արթուր Բալասանյանին, եղբորը՝ Վաչիկ Բալասանյանին, քեռորդին՝ Գարիկ Յուզբաշյանին, որոնք հարցաքննվել և ազատ են արձակվել։
The post Վիտալի Բալասանյանը շարունակում է մնալ հիվանդանոցում, նրա՝ ձերբակալված մերձավոր ազգականներն արդեն ազատ են արձակվել appeared first on ԳԱԼԱ.