Իշխանությունները լայնածավալ ռեպրեսիшների են անցել, մի քանի տասնյակ քաղաքացիներ են ձերբակալվել ոչ թե երեք ժամվա ռեժիմով, այլ 72 ժամվա․ Ռուբեն Մելիքյան
Այս իշխանությունները լայնածավալ ռեպրեսիաների են անցել, մի քանի տասնյակ քաղաքացիներ են ձերբակալվել ոչ թե երեք ժամվա ռեժիմով, այլ 72 ժամվա ռեժիմով, ավելին՝ տանում են կալանավորումների։
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ մեկնաբանելով ոստիկանության կողմից բռնի ուժի կիրառմամբ Երևանի փողոցներում ակցիա իրականացնող քաղաքացիների բերման ենթարկվելու միջադեպերը։
Նրա խոսքով՝ ինքը բոլոր դեպքերին ծանոթ չէ, բայց գիտի, թե երեկ գիշերն ինչ դաժանությամբ ու ծեծով էին քաղաքացիներին ոստիկանները բերման ենթարկում։
«Պատճառն այն է, որ, օրինակ, նախորդ տարվա միջոցառումներից հետո այդքան մարդկանց թև կոտրեցին, ոչ մեկը դրա համար պատասխան չտվեց։ Այո՛ քրեական գործեր հարուցվեցին, բայց դրանք քննվում են տարիներով։ Մի վստահորդ էլ ես ունեմ, թևը կոտրած։ Գտել են՝ ով է, առերեսումն էլ են արել, չկա քրեական հետապնդում, մարդը շարունակում է բերետավոր լինել և այդ վայրագություններն անողներից մեկն է, հավանաբար», - նշեց նա։
Նրա խոսքով՝ մենք այստեղ գործ չունենք իրավական դաշտի հետ, սա դասական հայկականության դեմ թշնամանքի դրսևորում է․
Հարցին՝ կա արդյոք իրավական հիմք 15 րոպեից ավելի փողոցները փակ պահել թույլ չտալու համար, իրավապաշտպանը պատասխանեց․
«Իրականում կա, սակայն բացի իրավական հիմքից եկեք հիշենք Նիկոլ Փաշինյանի շարժումը․ այն ժամանակ նույնպես այդ նույն իրավական հիմքերը կային։ Կարծում եմ՝ այս բողոքի ցույցերի համար ավելի մեծ պատճառ հնարավոր չէ պատկերացնել»։