ԵՄ-ն կուսումնասիրի Հայաստանի զինված ուժերին ոչ մահաբեր ձևաչափի աջակցությունը
Արտաքին հարաբերությունների խորհրդի նոյեմբերի 13-ի քննարկումների արդյունքներով՝ ԵՄ-ն նաև կամրապնդի Հայաստանում ԵՄ առաքելությունը, նշված է հայտարարության մեջ։
Եվրոպական միությունը և Հայաստանը նաև հետաքրքրված են ուսումնասիրել Հայաստանի հետ մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման վերաբերյալ երկխոսության հնարավոր մեկնարկի հեռանկարները:
Հանդիպումների ընթացքում լրացուցիչ հաստատվել է անվտանգության և պաշտպանության ոլորտներում երկխոսությունն ու համագործակցությունը շարունակելու Հայաստանի և ԵՄ-ի փոխադարձ հետաքրքրվածությունը։ Մասնավորապես՝ Եվրոպական միությունը լրացուցիչ կուսումնասիրի Եվրոպական խաղաղության շրջանակի միջոցով Հայաստանի զինված ուժերին ոչ մահաբեր ձևաչափի աջակցությունը։
Այցի կապակցությամբ ազդարարվել է Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև ներդրումների համակարգման հարթակի մեկնարկը։
«Հարթակը կմիավորի ԵՄ-ին, Հայաստանի կառավարությանը և միջազգային ֆինանսական հաստատություններին, և այն կօգնի էլ ավելի մեծացնել ԵՄ ներդրումները Հայաստանում՝ Տնտեսական և ներդրումային պլանի շրջանակներում, որի միջոցով Հայաստանում արդեն իսկ մոբիլիզացվել են մինչև 500 միլիոն եվրո ծավալի ներդրումներ։ Հարթակի առաջին հանդիպման ընթացքում ստորագրվել են երկու նոր ծրագրեր», - հայտնում են Միությունից։
Երևան այցելած Եվրամիության պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչների, Միացյալ ազգերի կազմակերպության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։