Իսկ դուք վստա՞հ եք, որ Նիկոլ Փաշինյանը դեմ է իմփիչմենթի գործընթացին. Ռոբերտ Քոչարյան
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համոզմամբ՝ խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացն իրատեսական չէ: Ավելին՝ Քոչարյանը մի քանի լրատվամիջոցներին տված հարցազրույցում չի բացառել, որ դա բխում է հենց Նիկոլ Փաշինյանի շահերից, նշելով, թե վստահ չէ, որ Նիկոլ Փաշինյանը դեմ է իմփիչմենթի գործընթացին:
«Իսկ դուք վստա՞հ եք, որ Նիկոլ Փաշինյանը դեմ է իմփիչմենթի գործընթացին: Ես, օրինակ, վստահ չեմ: Ակնհայտ զրոյի ձգտող հավանականությունը իմփիչմենթի բերելու է նրան, որ Նիկոլ Փաշինյանը 6 ամիս որևէ նման գործընթաց չունենալու երաշխիք է ունենալու: Ուղղակի քարոզիչներ կան, որ մտել են այս խնդրի մեջ՝ լավ չպատկերացնելով, թե ինչ են անում: Ես չեմ լսել մեկ մարդու կարծիք, որ դա իրատեսական սցենար է: Նույնիսկ նախաձեռնողներն ասում են՝ ի՞նչ է եղել, փորձենք՝ չի լինի, չի լինի:
Ես ավելի պրագմատիկ մարդ եմ, և մտնել մի պրոցեսի մեջ, որը զրոյի ձգտող հաջողության հավանականություն ունի, իմ համար հետաքրքիր չէ», - ասել է նա:
Ռոբերտ Քոչարյանը նշել է, թե ում է դա հետաքրքիր՝ ըստ իրեն. «Օրինակ՝ մարդ կա, ում համար 48 ժամ լինել վարչապետի թեկնածու կյանքի երազանք է: Պատկերացնո՞ւմ եք՝ հանկարծ անհայտ, ոչ մեկը քո տեղը չգիտի, ու դու քննարկումների կենտրոնում ես հայտնվում, հարցազրույցներ ես տալիս, դառնում ես այդ պահին կենտրոնական դեմք: Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է դեկորացիա դառնանք ինչ-որ մարդկանց այդ երազանքը իրականացնելու համար»:
Վարչապետի նախկին թիմակիցները՝ Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանը Նիկոլ Փաշինյանին պաշտոնանկ անելու գործընթաց են սկսել: Պատգամավորների վարչապետի թեկնածուն «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանն է:
Իմփիչմենթի թեման մոտ մեկ ամիս է՝ եռում է ընդդիմադիր դաշտում: «Արթուն ենք» նախաձեռնության անդամներ Էդգար Ղազարյանն ու Նարեկ Մալյանը նամակներով բոլոր պատգամավորներին խնդրել էին այս գործընթացը նախաձեռնել: «Պատիվ ունեմ»-ից պատասխանել էին, թե իրենք էլ են դա համարում իշխանափոխության ամենահավանական ճանապարհը:
«Հայաստան» խմբակցությունից էլ հայտնել էին, թե 28 պատգամավորներն էլ պատրաստ են ստորագրել իմփիչմենթի գործընթացը սկսելու համար, եթե նախաձեռնողները ապահովեն պակասող երկու ստորագրությունը ու բացի այդ հայտարարեն՝ հաջողության հասնելու համար անհրաժեշտ ժողովրդական զանգված ապահովելու պատասխանատվության մասին։
«Հայաստան» դաշինքի առաջնորդը իր հարցազրույցում անդրադարձել է նաև պնդումներին, թե փողոցի ճնշման ճանապարհով հնարավոր է հարցը լուծել՝ ասելով. «Եթե դու այնպիսի փողոց ես հավաքել, և ճնշումդ այնպես ուժգին է, որ կարող է 20 հոգի հրաժարվել, հենա հրաժարական եք պահանջում: Վարչապետը հրաժարական է տալիս, հարցը լուծում ես, իսկ դրա համար պետք է նախահեղափոխական իրավիճակ փողոցում, փողոցի կոնտրոլը իշխանությունը պետք է կորցնի: Սիրուն հայտարարություններով, Սահմանադրության վրա հղումներ կատարելով անլուրջ է, դրա համար մենք չենք մտնում այդ պատմության մեջ»: