Բայդենի մոտ շագանակագեղձի ագրեսիվ քաղցկեղ է ախտորոշվել
ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի մոտ ախտորոշվել է շագանակագեղձի քաղցկեղի ագրեսիվ տեսակ, որը տարածվել է նրա ոսկորներում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով մայիսի 18-ին Բայդենի գրասենյակի տարածած հաղորդագրությունը։
82-ամյա Ջո Բայդենի մոտ ախտորոշումը կատարվել է մայիսի 16-ին, որոշակի ախտանիշների ի հայտ գալուց հետո։ Այժմ նախկին նախագահը և նրա ընտանիքը բժիշկների հետ դիտարկում են բուժման տարբերակները։
«Չնայած սա հիվանդության ագրեսիվ տեսակն է, քաղցկեղը, փաստորեն, արձագանքում է հորմոններին, ինչը թույլ է տալիս արդյունավետ կառավարել այն», – հայտնել են Բայդենի գրասենյակից։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը հունվարին պաշտոնը ստանձնելուց ի վեր բավական քննադատորեն է մոտենում Ջո Բայդենի վարած քաղաքականությանը, Truth Social հարթակում իր զորակցությունն է հայտնել նրան և նրա կնոջը՝ Ջիլին։
«Ես և Մելանյան տխրել ենք՝ լսելով Ջո Բայդենի վերջին բժշկական ախտորոշման մասին։ Մենք մեր ջերմ և լավագույն մաղթանքներն ենք հղում Ջիլին և ընտանիքին, և Ջոյին մաղթում արագ և հաջող ապաքինում», – գրել է Թրամփը։
The post Բայդենի մոտ շագանակագեղձի ագրեսիվ քաղցկեղ է ախտորոշվել first appeared on MediaLab Newsroom-Laboratory.