Ինչո՞ւ է Աննա Հակոբյանը ամոթանք տալիս Հասմիկ Պապյանին
Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե մինչև հուլիսի 5-ը զերծ կմնա վիրավորական արտահայտություններից և հանդես կգա միայն փաստերի հիման վրա, սակայն ընդամենը մեկ օր անց նրա կինը՝ Աննա Հակոբյանը, հրապարակային գրառմամբ խիստ քննադատության ենթարկեց աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Պապյանին՝ գրելով. «Ամոթ Հասմիկ Պապյանին, հազար ամոթ»։
Ի՞նչ էր արել Պապյանը։ Ոչ մի անօրինական գործողություն, ոչ էլ քաղաքական կոչ։ Նա պարզապես հիշել էր, թե ինչպես տարիներ առաջ Վիեննայում բնակվելու ընթացքում երազ էր տեսել, որ երգում է Գյումրու Յոթ Վերք եկեղեցում։ Երազ, որը, շնորհիվ Միքայել Սրբազան Աջապահյանի իրականացվել էր Կոմիտասին նվիրված բացառիկ մենահամերգով։
Միքայել Աջապահյանը կալանավորված է. ըստ դատախազության՝ նա կալանավորվել է 2025 թվականի հունիսի 21-ին զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տված հարցազրույցների ընթացքում իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեղադրանքով, սակայն հարկ է հիշեցնել, որ կալանքը մեղադրանքի հաստատում չէ, և, ըստ Սահմանադրության՝ յուրաքանչյուր անձ համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը չի ապացուցվել դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով։
Այս համատեքստում Աննա Հակոբյանի արձագանքը դժվար է դիտարկել որպես էմոցիոնալ պոռթկում։ Դա, ամենայն հավանականությամբ, գիտակցված քաղաքական տեխնոլոգիա է՝ chilling effect, վախի մթնոլորտ ստեղծելու մեխանիզմ, որի հետևանքով մարդիկ խուսափում են իրենց կարծիքը հրապարակելուց՝ ենթադրյալ պատժից կամ պարսավանքից զգուշանալով։
Այն գործում է ոչ թե իրավական սահմանափակման, այլ հանրային ճնշման, խարազանման և նվաստացման միջոցով։ Հատկապես մշակույթի գործիչների համար այս մեխանիզմը կարող է լուռ, բայց խորքային ազդեցություն ունենալ՝ խաթարելով ազատ խոսքը, նախաձեռնության դրսևորումը և քաղաքացիական համերաշխությունը։
Ակնհայտ է, որ հանրային հարգանք վայելող, աշխարհահռչակ արվեստագետի գրառումը՝ հազարավոր հավանումներով և հարյուրավոր կիսումներով, Աննա Հակոբյանի կողմից ստացել է հստակ ուղերձ։
Սա նախազգուշացում է բոլորին՝ ոչ միայն մի աջակցեք «մեղադրվող» մարդկանց, այլ նույնիսկ չհամարձակվեք լավ հիշողություն պատմել նրանց մասին։
Եվ եթե ամեն ինչ ամփոփենք մեկ նախադասությամբ՝
Ուղերձը հստակ է՝ լռեք։
Մարի Ներսեսյան
MediaLab.am
The post Ինչո՞ւ է Աննա Հակոբյանը ամոթանք տալիս Հասմիկ Պապյանին first appeared on MediaLab Newsroom-Laboratory.