Փաշինյանը հուլիսի 5-ից հետո էլ է հայհոյելու, որովհետև իր խնդիրը չի լուծվել՝ Կաթողիկոսը չի փոխվել, սա տակտիկական քայլ է. Արմեն Բադալյան
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը
– Պարո՛ն Բադալյան, Նիկոլ Փաշինյանն առաջարկել է մինչև հուլիսի 5-ն անցնել քաղաքակիրթ խոսույթի՝ չվիրավորել, չհայհոյել: Ինչու՞ է որոշել նման առաջարկությամբ հանդես գալ:
– Իշխանության արածը Մայր Աթոռում, հոգևորականներին շինծու գործերով դատապարտելը, բավական մեծ ատելություն է առաջացրել նրա նկատմամբ, ու իր ֆեյսբուքյան գրառման տակ իրեն ուղղակի բացահայտ հայհոյում են, ու այն ատելությունը, որ կա իր հանդեպ, փորձում է որոշ չափով նվազեցնել:
Նրան թվում է, որ եթե չգրի իր նախորդ գրառումների նման գրառումներ, ապա իրեն այլևս չեն վիրավորի ու հայհոյի, ու իր նկատմամբ ատելությունը, որ կուտակվել է, կնվազի: Բայց դա չի աշխատելու, որովհետև այն դժգոհությունն ու ատելությունը, որ կան, որն արտահայտվում է հայհոյանքի միջոցով, չեն վերանալու, որովհետև կա ինքը, իսկ ատելության խոսքի թիրախն ու պատճառը ինքն է:
Քանի ինքը կա, իր նկատմամբ այդ ատելությունն արտահայտվելու է, իսկ դրա արտահայտման ձևը Ֆեյսբուքում իր գրառումների տակ հայհոյելն է: Նա արդեն չունի այն վարկանիշը, որ կարողանա իր խոսքով ինչ-որ նոր միջավայր ստեղծել, ինչ-որ բան փոխել:
– Ձեր կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը չէ՞ր հաշվարկել, որ մինչ այս հնչող իր խոսույթը, հոգևորականների նկատմամբ գրառումները հանրության մեջ զայրույթ ու ատելություն են առաջացնելու իր անձի նկատմամբ, որ հիմա էլ որոշել է մեղմել իրավիճակը:
– Երբ ունեք հստակ ծրագիր, դուք դա իրականացնում եք՝ առանց հաշվի առնելու, թե հասարակության մեջ դա ինչ արձագանք է գտնելու։ Քանի որ նա ունի հստակ ծրագիր՝ ամեն գնով հասնել Կաթողիկոսի փոփոխության, ինչին չի կարող հասնել, դրա համար էլ որոշակի տակտիկական փոփոխություն է անում:
Նրան չհաջողվեց իր նպատակին հասնել, որովհետև Միքայել Սրբազանը դուրս եկավ Մայր Աթոռից ու գնաց Քննչական կոմիտե, որպեսզի իշխանությանն առիթ չտար ասելու, թե Վեհարանում ենթադրյալ հանցագործ է թաքնվում, որին պարտակում է Կաթողիկոսը, ու քրեական գործ հարուցել Կաթողիկոսի դեմ: Այս պլանը չի իրականացել, դրա համար էլ մինչև հուլիսի 5-ը դադար է վերցնում մինչև հաջորդ քայլը, ձեռի հետ էլ փորձում է ատելության դոզան իջեցնել, որովհետև այդ ատելությունը նաև քվեարկության տեսքով է արտահայտվելու, երբ ժամանակը գա:
– Պարո՛ն Բադալյան, ստացվում է, որ այս առաջարկը դադար է մինչև հաջորդ գործողությո՞ւնը՝ Կաթողիկոսին հեռացնելու իշխանության ծրագիրը:
– Ամենայն հավանականությամբ, որովհետև այդ խնդիրն է դրված: Եթե նրանք չկարողացան Կաթողիկոսին հեռացնել, ապա հաջորդ ընտրություններին Եկեղեցին անուղղակի քարոզով դեմ է արտահայտվելու այս իշխանությանը: Դրա համար էլ ուզում է կառույցը կադրային փոփոխության ենթարկել, որպեսզի հնարավորինս չեզոք դիրքորոշում լինի իրենց նկատմամբ, ինչն իրեն չի հաջողվելու, որովհետև Եկեղեցին ու պետությունը Սահմանադրությամբ տարանջատված են։
Երկրորդ՝ Եկեղեցին համահայկական կառույց է, ու նա չի կարող միայն Հայաստանում Կաթողիկոս ընտրել: Նա կարող է Կաթողիկոսին ձերբակալել, բայց Կաթողիկոսին չի կարող փոխել, խնդիրը դա է: Կարող է դրան էլ գնալ, որովհետև դա իրեն շատ է պետք, ինքն ամեն ինչի կարող է գնալ, որովհետև արդեն գիտի՝ իշխանության մնալ-չմնալու հարցն իր ազատության մեջ մնալ-չմնալու հարցն է որոշելու:
Ծրագիրը չի իրականացել, Կաթողիկոսն ավելի սառն ու հաշվարկված է գործում, ոմանք Միքայել Սրբազանի քայլը քննադատեցին, բայց դա շատ ճիշտ էր: Նիկոլ Փաշինյանն այլևս խաղաթուղթ չունի, դրա համար մինչև հուլիսի 5-ը դադար է վերցրել՝ հասկանա, թե ինչ է անելու: Այնպես չէ, որ նա հանկարծ սուրբ դարձավ ու էլ նման բառապաշար չի օգտագործի, չէ՛, հուլիսի 5-ից հետո էլ է հայհոյելու, որովհետև իր խնդիրը չի լուծվել՝ Կաթողիկոսը չի փոխվել:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am
The post Փաշինյանը հուլիսի 5-ից հետո էլ է հայհոյելու, որովհետև իր խնդիրը չի լուծվել՝ Կաթողիկոսը չի փոխվել, սա տակտիկական քայլ է. Արմեն Բադալյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.