Եկատերինբուրգում ադրբեջանցի եղբայրների մահվանից հետո Բաքուն անցել է «հատուկ գործողությունների». Տեսանյութ
2025 թվականի հունիսի 27-ին Եկատերինբուրգում Ռուսաստանի ՆԳՆ-ի, Ռոսգվարդիայի և ՖՍԲ-ի համատեղ գործողության ընթացքում ձերբակալվել են ադրբեջանական ծագմամբ մի խումբ անձինք։ Նրանց թվում՝ Գուսեյն և Զիյադդին Սաֆարով եղբայրները, որոնք մահացել են ձերբակալությունից հետո՝ ենթադրաբար ֆիզիկական բռնության հետևանքով։
Ադրբեջանում իրականացված դատաբժշկական փորձաքննությունը արձանագրել է բազմակի կոտրվածքներ, ներքին արյունազեղումներ և գլխուղեղի վնասումներ։ Զիյադդին Սաֆարովի մարմնից բացակայում է մի կող։
Դեպքից հետո Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հարուցել է քրեական գործ՝ դիտավորյալ սպանության, խոշտանգման և լիազորությունների չարաշահման հատկանիշներով։
Բաքուն պաշտոնապես դադարեցրել է մշակութային համագործակցությունը Ռուսաստանի հետ, փակել է Ռուսական տունը Բաքվում և չեղարկել փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի նախատեսված այցը։
ԱԺ պատգամավորների այցը Մոսկվա ևս չեղարկվել է։
Ադրբեջանը նաև արգելել է Ռուսաստանից որոշ ապրանքների, մասնավորապես սոխի ներմուծումը՝ հղում անելով սանիտարական խախտումներին։
Հուլիսի 1-ին Ադրբեջանի ՆԳՆ-ն խուզարկություն է իրականացրել Sputnik Ադրբեջանի գրասենյակում։ Ձերբակալվել են յոթ աշխատակից, որոնցից երկուսը կալանավորվել են։
Նրանց մեղադրանք է առաջադրվել խարդախության, անօրինական ձեռնարկատիրության և փողերի լվացման հոդվածներով։
Նույն օրը ՌԴ ԱԳՆ հրավիրել է Ադրբեջանի դեսպանին և փոխանցել բողոք՝ լրագրողների ձերբակալության կապակցությամբ։
Հուլիսի 1-ին Ադրբեջանի ոստիկանությունը հայտարարել է ռուսաստանյան կազմակերպված հանցախմբերի վնասազերծման մասին։ Տարածվել են տեսանյութեր, որոնցում երևում են ձերբակալված ռուս քաղաքացիներ՝ ծեծի հետքերով, ինչն առաջացրել է ռուսական մեդիայում հանրային արձագանք։
The post Եկատերինբուրգում ադրբեջանցի եղբայրների մահվանից հետո Բաքուն անցել է «հատուկ գործողությունների». Տեսանյութ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.