Եթե ուղևորը հրաժարվի նույնականացվելուց, այդ դեպքում հսկիչն իրավունք ունի դիմել ոստիկանին․ մանրամասներ
Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանի օրակարգում է «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է սահմանել վարչական պատասխանատվություն՝ ներհամայնքային տրանսպորտային ծառայություններից առանց վճարման օգտվելու համար։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը նշեց, որ օրենքի նախագծերի հիմնական նպատակը համայնքների կողմից կազմակերպվող ներհամայնքային ուղևորափոխադրումների կարգավորումների հստակեցումն է։
«Երևանում և այլ համայնքներում այս ծառայությունները մատուցվում են թե՛ համայնքային, թե՛ մրցութային կարգով ընտրված օպերատորների կողմից, որոնց ծառայության արժեքը որոշվում է համայնքի ավագանու կողմից»,- ասաց նա։
Հիմնական փոփոխությունները ներառում են տրանսպորտից առանց տեղական վճարի վճարման օգտվողների նկատմամբ վարչական տուգանքի սահմանում, վարչարարության իրականացման առանձնահատկությունների ձևավորում, վճարների գանձման, արտոնությունների տրամադրման և միասնական վճարման համակարգի ներդրման հնարավորության ապահովում։
«Առաջարկվում է Երևանի ավագանուն հնարավորություն տալ սահմանել մեկ միասնական վճար՝ ավտոբուսի, տրոլեյբուսի և մետրոպոլիտենի համատեղ օգտագործման համար։ Այս մոտեցումը թույլ կտա քաղաքացիներին մեկ վճարով օգտվել բոլոր տրանսպորտային միջոցներից՝ դարձնելով երթևեկությունը ավելի հարմարավետ և ժամանակախնայող»,- նշեց նա։
Նախագծի համաձայն՝ սահմանվում է 15 000 դրամ տուգանք այն անձանց համար, որոնք առանց տեղական վճարը կամ փոխադրավարձը վճարելու օգտվում են ներհամայնքային փոխադրումների ծառայություններից։ Այն դեպքում, եթե քաղաքացին օգտագործում է արտոնություն՝ իրական օգտվողի փոխարեն, տուգանքը կկազմի 15 000 դրամ, իսկ եթե ուղևորը նույնիսկ ունի արտոնություն կամ ամսեկան վճարով միասնական տոմս, սակայն չի վավերացնում իր ուղևորությունը տրանսպորտային միջոցում, նախատեսվում է 3 000 դրամ տուգանք։
Նախագծերի փաթեթը մշակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կողմից։
The post Եթե ուղևորը հրաժարվի նույնականացվելուց, այդ դեպքում հսկիչն իրավունք ունի դիմել ոստիկանին․ մանրամասներ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.