Տուգանելով՝ նրանք փորձում են խուսափել բոլոր այդ խնդիրներից. բարեփոխումները միայն նոր ավտոբուսներ ներկրելը չէ. Վարդանյան
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանը
– Տիկի՛ն Վարդանյան, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ Երևանի տրանսպորտից անվճար օգտվելու վերջը դրվելու է, և ուղեվարձը չվճարող քաղաքացիները տուգանվելու են: Տուգանքի վերաբերյալ նախագիծը այսօր կքննարկի խորհրդարանը: Քննարկվող նախագծի մասին տեղեկություններ ունե՞ք, ի վերջո, որքա՞ն է սահմանվում տուգանքի չափը, նախապես քննարկվող 15 հազար դրամը ուժի մե՞ջ է մնացել: Խորհրդարանը կհաստատի՞ նախագիծը ըստ ձեզ:
– Դժվարանում եմ մանրամասներ ներկայացնել նախագծի վերաբերյալ, որովհետև քաղաքային իշխանությունը՝ իր արբանյակներով հանդերձ, հարցը երբեք քննարկման չի դնում ավագանու մյուս խմբակցությունների հետ, հետևաբար մենք տեղեկություն չունենք, թե ի՛նչ նախագիծ է:
Կհաստատե՞ն, թե՞ չէ, կարծում եմ, որ սա նախապես քննարկված հարց է, ու սպասում են, որ խորհրդարանը հարցին հանգուցալուծում տա: Քանի որ մշտապես փոխգործակցություն կա իշխող ուժի միջև, ապա բնական է, որ ընդունելու են: Բայց այս ամենը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ իշխող ուժը քաղաքացիներին հստակ ասում է՝ դուք բոյկոտելու, մեր որոշումներին չհամաձայնելու որևէ հնարավորություն չեք ունենա այլևս, մենք որոշելու ենք ուղեվարձը բարձրացնել՝ դուք վճարելու եք, չեք վճարի՝ տուգանվելու եք: Սա սպասելի է, ես որևէ այլ բան չէի էլ սպասում, թող քաղաքացիները գնահատեն ամենադեմոկրատական ուժին:
– Կարծում եք, որ սա քաղաքացիների բողոքը խոչընդոտելու քա՞յլ է:
– Այո՛, իհարկե: Բարեփոխված տրանսպորտը միայն նոր ավտոբուսների ներկրումը չէ, այն ենթադրում է նորմալ, բարեկիրթ պայմաններ կանգառասրահներում՝ նվազագույնը անձրևաջրերից առանձնացված հատված, ոչ թե փողոցի կենտրոնում կամ կիզիչ արևի տակ կանգնած քաղաքացիներ: Չկա գործողությունների ու իրական բարեփոխումների շարք, միայն ավտոբուսներ են ներկրել ու ասում են, որ պետք է ավելի թանկ վճարեք: Այսպիսով իրենք փորձում են խուսափել բոլոր այն խնդիրներից, որոնք առաջացել են մարդկանց չվճարելուց:
– Տիկի՛ն Վարդանյան, կկարողանա՞ն տուգանքներով լուծել խնդիրը:
– Իրենք մեծամասնություն են ու օգտվում են դրանից, իրենց արբանյակներով որոշում են ու անում այն, ինչ ուզում են, ընդ որում՝ բոլոր ոլորտներում է այդպես: Սա ուղղակի ձեռագիր է, որի հիմքում մասնագիտական շատ մեծ բացեր են, որովհետև մարդիկ, որոնք բարեփոխումներ են անում, շատ փոքր փորձ ունեն, որն սկսվել է այն ժամանակից, երբ իրենք հայտնվել են Երևանի քաղաքապետարանում:
– Տրանսպորտի ուղեվարձի բարձրացման դեմ բողոք եղավ, տուգանքի դեմ և՞ս կլինեն բոյկոտ, ընդվզում:
– Դժվարանում եմ ասել՝ ինչ կանեն մարդիկ, որովհետև մեր ազգաբնակչության վիճակն առհասարակ 20 թվականից հետո սարսափելի է: Իսկ իշխանությունը պատժամիջոց պատժամիջոցի հետևից է կիրառում: Չգիտեմ, թե այս ամենն ինչպես կարտահայտվի մարդկանց մոտ, բայց որպես բժիշկ ես գիտեմ, որ սա մարդկանց առողջության վրա է ազդելու, որովհետև սթրեսը բոլոր հիվանդությունների ակունքն է: Բնակիչները վճարելու են նաև իրենց առողջությամբ, կյանքով, ինչը պետության շահերից չի բխում: Իհարկե ժամանակը ցույց կտա, թե ինչ արձագանք կստանա այս ամենը:
– Տիկի՛ն Վարդանյան, ասացիք, որ իշխանական խմբակցությունը մյուս խմբակցությունների հետ չի քննարկում նախագծերը, ինչո՞ւ չկա համագործակցային միջավայր:
– Համագործակցություն բացարձակապես գոյություն չունի: Քննարկման են ուղարկում հուշարձան տեղադրելու վերաբերյալ հարցեր, բայց այսպիսի լուրջ հարցեր՝ ծառերի փոխարինման այս ծրագիրը, տրանսպորտի ուղեվարձը, ոչինչ չեն քննարկել:
Մեկ անգամ ենք քննարկմանը ներկա եղել, երբ ներկայացրինք մեր բոլոր մտահոգությունները, այն խնդիրները, որոնց բախվելու էին մարդիկ այս ծառերը փոխելու հետևանքով, ըստ երևույթին դա նրանց դուր չեկավ, ու այլևս ոչ մի քննարկման չենք մասնակցել:
– Իսկ ինչո՞ւ կարևոր հարցերը չեն քննարկում:
– Դե, քաղաքապետը մի անգամ ասաց, չէ, որ իրենք ունեն խմբակցություններ, որոնց հետ քննարկում են, առանց հասկանալու, որ ավագանու ցանկացած անդամ ո՛չ իրենց ընկերն է, ո՛չ թշնամին, նրանք երևանցիներ են, որոնց ձայնը այդ մարդիկ դահլիճում ուղղակի ներկայացնում են, այսինքն՝ մենք այդ մարդկանց շահերը մեր մանդատով պաշտպանողներն ենք:
– Հիմա ստացվում է, որ պաշտպանվում է միայն իշխանությանը ձայն տված քաղաքացիների շահը, ձեզ կամ մեկ այլ խմբակցությանը ձայն տված քաղաքացու շահը նկատի չի՞ առնվում:
– Ամեն ինչ այնքան բաց է, ոչինչ այլևս թաքուն չէ, ու ցանկացած բանականություն ունեցող մարդ շատ լավ հասկանում է, թե ինչ է կատարվում:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am
The post Տուգանելով՝ նրանք փորձում են խուսափել բոլոր այդ խնդիրներից. բարեփոխումները միայն նոր ավտոբուսներ ներկրելը չէ. Վարդանյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.