Եթե Հայաստանը ազդակ տար, որ դա իր համար զգայուն հարց է, Իրանի նախագահը գուցե չմասնակցեր Ստեփանակերտի գագաթնաժողովին․ Արմեն Վարդանյան
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է իրանագետ Արմեն Վարդանյանը
– Պարո՛ն Վարդանյան, Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի այցը գրավյալ Արցախ՝ մասնակցելու Ստեփանակերտում անցկացված Տնտեսական համագործակցության կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին ներհայաստանյան շրջանակներում քննադատության է արժանացել, դուք ինչպե՞ս եք գնահատում Փեզեշքիանի այցը բռնազավթված Ստեփանակերտ:
– Դա կարևոր համաժողով էր, որին մասնակցում էին տարբեր երկրների ղեկավարներ՝ Պակիստանի վարչապետ, Թուրքիայի նախագահ, տարօրինակ չէր, որ նաև Իրանի նախագահն է մասնակցել:
Ինչ վերաբերում է Ստեփանակերտ այցին, ապա Հայաստանը ցույց չի տվել իր բարեկամներին կամ դաշնակիցներին, որ դա իր համար զգայուն հարց է: Եթե բողոքի ինչ-որ քայլեր լինեին, շատ հնարավոր է, որ որոշ երկրների պաշտոնյաներ չլինեին այնտեղ, ինչը, ի դեպ, ժամանակին անում էր Ադրբեջանը, որ ով Արցախ էր մեկնում, Ադրբեջանի սև ցուցակում էր հայտնվում, իսկ Հայաստանը ցույց չի տալիս, որ դա իր համար զգայուն հարց է, որպեսզի իր բարեկամներն ու գործընկերները չգնան Ստեփանակերտ:
– Այսինքն՝ եթե Հայաստանից լիներ այդ ազդակը, կարծում եք, որ Իրանի նախագահը չէ՞ր գնա:
– Վստահ չեմ, բայց կարող է նաև չայցելեր, օրինակ՝ Ֆրանսիայի դեսպանը չէր այցելի Շուշի:
– Պարո՛ն Վարդանյան, բայց այս պարագայում, երբ Հայաստանի ղեկավարությունը խաղաղության համար է անում ամեն բան, պե՞տք է որ նման ազդակներ հղի:
– Կարծում եմ՝ պետք չէ, որովհետև Ադրբեջանը դա ընկալելու է իբրև ռևանշիստական քայլ, այս փուլում Հայաստանը պետք է մի քիչ ավելի զուսպ քայլերի դիմի: Ապագայում հնարավոր է, բայց հիմա մենք չունենք այն ուժը, որ նման հակադրության մեջ մտնենք Ադրբեջանի հետ, մանավանդ, ինչպես ասացիք, երբ խաղաղության բանակցություններ են ընթանում: Կամ էլ դա պետք է արվի ոչ հրապարակային ձևով, այլ դիվանագիտական խողովակներով, բայց դա չլինի կոնկրետ հայտարարությունների կամ պատժամիջոցների տեսքով, ինչպես անում էր Ադրբեջանը:
– Իսկ Ադրբեջանն ինչո՞ւ էր հենց Ստեփանակերտում որոշել կազմակերպել այդ գագաթնաժողովը:
– Խորամանկ քայլ է արել՝ այդ մարդկանց հատուկ տանելով Ստեփանակերտ, նաև սադրիչ նպատակներով, դա հասկանալի է։ Բայց դա նաև մեզանից է կախված․ եթե հարցը շատ կտրուկ դնենք մեր բարեկամների ու դաշնակիցների առաջ, ասենք, որ դա մեզ համար զգայուն հարց է, մի գնացեք, հնարավոր է, որ ոմանք ձեռնպահ մնան այդ այցերից:
Ադրբեջանը փորձում է ցույց տալ, որ իր տարածքի տերն է ու նաև փորձ է անում Հայաստան-Իրան հարաբերություններում գժտություն մտցնել, բայց այդ հարցի պատճառով կողմերը երբեք չեն գժտվի, հարաբերություններ չեն փչացնի:
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am
The post Եթե Հայաստանը ազդակ տար, որ դա իր համար զգայուն հարց է, Իրանի նախագահը գուցե չմասնակցեր Ստեփանակերտի գագաթնաժողովին․ Արմեն Վարդանյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.