Թրամփի ընտրարշավի նախկին մենեջերը խոստացել է Թրամփի և Ադրբեջանի նախագահի միջև հանդիպում կազմակերպել. Politico
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական քարոզարշավի նախկին մենեջեր Քորի Լևանդովսկին Թրամփի հետ կապերի հաշվին Ադրբեջանին առաջարկել է իր ծառայությունները, գրում է Politico-ն:
Կայքը գրում է, որ Թրամփի նախընտրական արշավի նախկին մենեջեր Քորի Լևանդովսկին 2016 թվականի ընտրություններից հետո իր համահիմնադրած Avenue Strategies լոբբիստական ընկերությունից հեռանալուց հետո, ըստ երևույթին, սկսել է աշխատել նոր ընկերության հետ՝ հավանաբար գումար վաստակելով նախագահի հետ իր կապերի հաշվին:
Այս անգամ նա գործունեություն է ծավալել Turnberry Solutions LLC ընկերության հետ: Չնայած Լևանդովսկին հերքել է ընկերության հետ որևէ կապի մասին, բազմաթիվ վկայություններ կան, որոնք պնդում են հակառակի մասին:
Պարբերականի աղբյուրների տվյալներով ՝ ընկերությունում նրա անունով էլեկտրոնային հասցե է բացվել, բացի այդ, նա այս ամսվա ընթացքում ընկերության 2 աշխատակցի հետ մեկնել է Լեհաստան՝ ընկերության ծառայությունները Լեհաստանի կառավարությանն առաջարկելու համար: Նշվում է, որ այդ երկու աշխատակիցներն աշխատել են նաև Լևանդովսկու նախկին ընկերության համար:
Կայքը գրում է, որ Turnberry Solutions ընկերության հետ իր աշխատանքից դուրս Լևանդովսկին նաև փորձել է «վաճառել» Թրամփի հետ իր կապերը: Այսպես, զրույցին ծանոթ աղբյուրի փոխանցմամբ, ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովի հետ վերջերս տեղի ունեցած զրույցում Լևանդովսկին խոստացել է, որ նա կարող է հանդիպում կազմակերպել Ադրբեջանի նախագահի և Թրամփի միջև:
Լևանդովսկին, սակայն, հերքել է, որ Թրամփի հետ հանդիպում է խոստացել՝ պատասխանելով. «Ո՛չ, ես օտար երկրների համար չեմ աշխատում, ցավում եմ»:
Դեսպանն, իր հերթին, ասել է, որ տեղեկություն չունի, թե արդյոք Լևանդովսկին աշխատում է Ադրբեջանի համար, թե ոչ: