Քուրդիստանից նավթի մատակարարման հետ կապված բոլոր գործողություններն Անկարան համակարգելու է միմիայն պաշտոնական Բաղդադի հետ. Իրաքի վարչապետ
Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին և իր թուրք պաշտոնակից Բինալի Յըլդըրըմն այսօր տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Իրաքյան Քուրդիստանից դեպի Թուրքիա նավթի մատակարարման շուրջ մի շարք հարցեր, այս մասին հայտնում է Sputnik-ի թուրքական ծառայությունը:
Կողմերը համաձայնեցրել են, որ Քուրդիստանից նավթի մատակարարման հետ կապված բոլոր գործողություններն Անկարան համակարգելու է միմիայն պաշտոնական Բաղդադի, այլ ոչ Իրաքյան Քուրդիստանի հետ:
Հեռախոսազրույցի ընթացքում Թուրքիայի վարչապետը ևս մեկ անգամ շեշտել է, որ Թուրքիան չի ընդունում Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեի արդյունքներն ու շարունակում է հանդես գալ հօգուտ Իրաքի տարածքային ամբողջականության:
Հիշեցնենք, որ Քուրդիստանում կազմակերպված հանրաքվեի ընթացքում անկախությանն «Այո» է ասել քվեարկությանը մասնակցածների 92.73 տոկոսը: «Ոչ» է քվեարկել ընտրողների 7.2 տոկոսը:
Պաշտոնական Բաղդադն Իրաքյան Քուրդիստանին վերջնագիր է ներկայացրել, ըստ որի այն պարտավոր է երեք օրվա ընթացքում Բաղդադի կառավարմանը հանձնել բոլոր սահմանային անցակետերն ու օդանավակայանները։