Կառավարությունն առաջարկեց ձեռնպահ մնալ պետական ծառայողի պաշտպանվածության բարձրացում նախատեսող նախագծի ընդունումից
Այսօր Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը կառավարության նիստին ներկայացրեց ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանի, Շուշան Սարդարյանի և Ռաֆիկ Գրիգորյանի կողմից ներկայացված «Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունների նախագիծը:
Նախարարը նշեց, որ թեև այս փոփոխությունները համահունչ են քաղծառայության ոլորտում տեղի ունեցող փոփոխություններին, սակայն խնդիրն այն է, որ ՀՀ նախագահի հանձնարարականի հիման վրա փոխվարչապետը մշակում է միասնական կոնցեպտ: «Այնպես որ, մի կողմից ընդունելի է, մյուս կողմից, քանի որ նոր կոնցեպտ է մշակվում, առաջարկում ենք ձեռնպահ մնալ, քանի որ նոր օրենքով այս ամենը կարգավորվելու է միասնական»,-ասաց նա:
Նշենք, որ օրենքի ընդունմամբ ակնկալվում էր, որ կբարձրանա պետական ծառայողի պաշտպանվածությունը, քանի որ գնահատելիս հաշվի կառնվեն աշխատողների կողմից կիսամյակի ընթացքում կատարած աշխատանքների արդյունքները և պարգևատրումներն էլ կկատարվեն ըստ այդմ, ինչպես նաև կհստակեցվեն պետական ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար անհրաժեշտ աշխատանքային ստաժի և փորձի չափանիշները: