Վրաստանի մտավախությունն այն է, որ եկեղեցու պատկանելության հարց կարող էր առաջանալ. Շ. Թորոսյանը՝ Ջավախքի միջադեպի մասին
ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը քննադատում է Ջավախքում՝ Ախալքալաքի շրջանի Գումբուրդո համայնքում տեղի ունեցած դեպքերը:
Նա Tert.am-ի հետ զրույցում շեշտեց, թե բռնի ուժ կիրառելն անթույլատրելի է: Միևնույն ժամանակ Թորոսյանը նշեց, թե իր գնահատմամբ՝ կողմերի միջև թյուրըմբռնում է եղել: Սակայն պատգամավորը գիտի, թե կոնֆլիկտի հիմքում ինչն է:
«Գումբուրդո հայկական գյուղի բնակչությունը որոշել էր խաչքար տեղադրել գյուղի եկեղեցու հարակից տարածքում, որտեղ եկեղեցու վերանորոգման աշխատանքների ընթացքում մարդկային ոսկորներ, գանգեր էին հայտնաբերվել: Ոսկորները վերաթաղվել էին, մարդիկ էլ որոշել էին իրենց նախնիներին ոսկորների հուղարկավորած տեղում խաչքար կանգնեցնել, ինչն արժանացավ վրացական իշխանությունների շատ կոշտ դիրքորոշմանը: Բան այն է, որ Գումբուրդո գյուղի եկեղեցին 10-րդ դարում կառուցված քաղկեդոնիկ եկեղեցի է, այսինքն՝ ուղղափառ, հունադավան, իսկ 10-րդ դարում բավական ուժեղ վրացական պետություն կար, և վրացական տարածքում ապրող հայերը ընդունել էին հունադավանություն: Ըստ մեր գիտական աղբյուրների՝ դա քաղկեդոնական հայերի կառուցած եկեղեցին է: Ենթադրում եմ, որ վրացական եկեղեցին խաչքարի տեղադրումը կապել է եկեղեցու պատկանելության վիճարկման հետ»,-ներկայացրեց նա:
Թորոսյանը մատնացույց արեց, որ հայերն այդ եկեղեցու պատկանելության հարցը չեն բարձրացրել, պարզապես տեղի հայկական համայնքը Գումբուրդո գյուղի եկեղեցու հարակից տարածքում հայտնաբերված ոսկորներն իրենց նախնիներինն է համարում:
«Վրացական կողմն այդքան էլ համակարծիք չէ հայերի հետ: Նրանց կարծիքով՝ դրանք 1918 թվականի թուրքական ջարդերից են և պետք է եղբայրական գերեզմանում լինեն», մանրամասնեց Թորոսյանը:
Ջավախքցի պատգամավորը նկատեց՝ Ախալքալաքի շրջանի Գումբուրդո համայնքի բնակիչները հայտնի են իրենց տաքարյունությամբ, և սխալ էր նրանց դեմ հատուկ ջոկատայիններ կիրառելը, ուժի լեզվով խոսելն անիմաստ է:
Նա, արձագանքելով դիտարկմանը, թե հայաստանյան կողմից չեղավ դատապարտող հայտարարություն, ասաց. «Ես կարծում եմ, որ տարածաշրջանում գլոբալ ընդհանրական շահերը, որոնց հետամուտ են լինում պետությունները, մեզ պարտադրում են կանխել նման միջադեպերը։ Միջադեպին հրապարակային արձագանք վրացական որևէ իշխանավոր չի տվել, եղել են երկկողմանի կոնտակտներ համապատասխան պաշտոնյաների միջև, և այդ զրույցները խնդրին ավելի օգտակար կարող են լինել, քան հրապարակային միմյանց վրա ցեխ շպրտելը»:
Հայ առաքելական եկեղեցին և Վիրահայոց թեմը տարիներ առաջ սկսեցին առաջ քաշել թեմին կարգավիճակ տալու և վեց եկեղեցիներ՝ մեկը Ախալցխայում, հինգը՝ Թբիլիսիում, թեմին վերադարձնելու պահանջը, որին նույնպես Վրաստանը կոշտ արձագանքեց։ Դիտարկմանը, որ Վրաստանը բավականին սուր է արձագանքում եկեղեցիների պատկանելության հարցին, Թորոսյանը պատասխանեց. «Վրացիները շատ աստվածավախ են, եկեղեցուն էլ բավականին մեծ նշանակություն են տալիս, ուղղափառ եկեղեցին Վրաստանում բավականին մեծ դերակատարում ունի: Ուղղափառ եկեղեցին էլ իր դիրքով ու նշանակությունով, բնականաբար ազդում է քաղաքական գործընթացների վրա: Նրանց մտավախությունն այն է, որ Վրաստանի տարածքում գտնվող բոլոր հոգևոր, մշակութային շենք-շինություններն իրենց են: Մենք ինչ-որ տեղ կարող ենք ընդունել դա, ի վերջո, եթե եկեղեցին ՀՀի-ի սեփականություն է, ՀՀ-ն հաստատ չի կարող այդ շինությունը շալակել՝ այլ տեղ տանել»:
Հանրապետական պատգամավորը, արձագանքելով դիտարկմանը, որ ՀՀ-ում գործում է պարսկական Կապույտ մզկիթը, որը սովետական իշխանությունների օրոք պահվել է հայ մտավորականներին ջանքերով, բայց ՀՀ-ն երբեք չի ասում, որ դա հայկական ժառանգություն է կամ պատկանում է մեզ, քանի որ մեր երկրում է, ինչպես հայտարարեց Վրաստանի մշակույթի նախարարը, Թորոսյանն արձագանքեց. «Մենք ավելի տոլերանտ ենք: Եթե անգամ ընդունենք, որ պետությունը որոշում է կայացնում, որ իր տարածքի հոգևոր-մշակութային շինությունները պատկանում են Վրաստանին, ապա Հայ առաքելական եկեղեցուն պատկանող եկեղեցիների շահագործումը պետք է փոխանցեն Վիրահայոց թեմին, քանի որ կառուցվել են հայ համայնքի հոգևոր կարիքները բավարարելու համար, հայերի կողմից և այլն»,- շարունակեց Շիրակ Թորոյանը: