Մեքենաների ներկման այդքան ավելացումը ազդում է երթևեկության վրա. Վահագն Սահակյան
Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ Պետական եկամուտների նախագահ Վարդան Հարությունյանի հայտարարությանը, ըստ որի` այս տարի մեքենաների ներկրումը նախորդ տարվա համեմատ հարյուր տոկոսով ավելացել է, իսկ 21 հազար ներկրված մեքենաներից գրեթե 18-19 հազարը մինչև 5 հազար դոլար արժողության են:
Վահագն Սահակյանը նշեց, որ ներկրման այսչափ ավելացումը պայմանավորված է ԵԱՏՄ տված արտոնություններով: «Երբ մենք մտանք Եվրասիական տնտեսական միություն, որոշակի ապրանքատեսակների առումով արտոնություններ տրվեց որոշ ժամանակաշրջանի համար»,-ասաց նա և նշեց, որ երբ մեքենաների առումով ավարտվեն այդ արտոնությունները, մեքենաների ներկրումը մի քանի անգամ թանկանալու է:
Նա նշեց, որ այդչափ մեքենայի ներկրումը ազդում է երթևեկության վրա, և շատ վթարներ նաև այդ պատճառով են: Նա նկատեց, որ այդ մեքենաները հիմնականում նոր վարորդներն են գնում, ովքեր երբեք չեն ունեցել մեքենա, և նշեց, որ բոլորն էլ գիտեն, թե ինչպես է ձեռք բերվում վարորդական իրավունք:
«Իհարկե, պետությունը պետք է հետևի այս գործընթացին, սակայն լուծում չէ արգելել այդ մեքենաների ներկրումը: Երևի, կարիք կա, որ այդքան բերվում է: Տեսեք, թե արդեն որերորդ տարին է, ինչ շատ մեքենաներ են ներկրվում»,-ասաց նա և նկատեց, որ ոչ միայն Երևանի կենտրոնական փողոցներում, այլ նաև փոքր քաղաքների կենտրոններում բարդ է կայանելու տեղ գտնել:
Ըստ նրա` երթևեկության կանոնակարգում չի կարող լինել այնքան ժամանակ, քանի դեռ վարչական իրավախախտումների մասին օրենքը օգտագործվում է գումար վաստակելու համար, ոչ թե մարդկանց դաստիարակելու: «Բիզնեսը այլ խնդիր է լուծում, որքան անկարգապահ վարորդներ, որքան ցաք ու ցրիվ և անկազմակերպ երթևեկություն, այնքան գումարները շատ»,-ասաց նա: