Թուրք-ամերիկյան ճգնաժամը մտահոգում է նաև Թուրքիայում ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչներին
Թուրք-ամերիկյան վիզային ճգնաժամը մտահոգության մեջ է գցել նաև Թուրքիայում Եվրամիության անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներին, որոնք սպասում են, որ Թուրքիան նույն կերպ կարող է վարվել նաև իրենց հետ, գրում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը:
Հիշեցնենք, որ Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունն իր հյուպատոսական աշխատակցի ձերբակալությունից հետո և այնուհետև ԱՄՆ-ում Թուրքիայի դեսպանատունը, ի պատասխան ԱՄՆ-ի քայլերի, հայտարարել են այցագրերի տրամադրումը դադարեցնելու մասին։
Անցած շաբաթ ԱՄՆ դիվանագիտական առաքելության աշխատակիցը ձերբակալվել էր Ստամբուլում՝ անցյալ տարի տապալված հեղաշրջման համար մեղադրվող ընդդիմադիր իսլամիստ քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի կազմակերպության հետ կապերի մեղադրանքով:
«Եվրոպացիների զգալի մասը Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասի հետ հրաժեշտի ընթրիքի ժամանակ իրենց մտահոգությունն են հայտնել կատարվածի վերաբերյալ ու աջակցել ԱՄՆ դիրքորոշմանը: Նրանք մտահոգ էին երևում և կիսում իրենց անհանգստությունն առ այն, որ վաղը նույնը կարող են անել իրենց հյուպատոսությունների հետ», - գրում է պարբերականի լրագրող Դենիզ Զեյրեքը:
Ոմանք նաև մտահոգություն են հայտնել, որ եթե Թուրքիան լարվածության մեջ պահի օտարերկրյա հյուպատոսությունները, իրենք չեն կարողանա նորմալ աշխատել:
«Միևնույն ժամանակ, նրանք հաշվում էին, թե ամեն երկրից քանի քաղաքացի կա Թուրքիայում կալանավորված, և երբ նրանց ասացինք, թե իրենց երկրներում էլ կալանավորված թուրքեր կան, շեշտեցին, որ դրանք քրեական, ոչ թե քաղաքական գործեր են», - նշել է լրագրողը: