Եթե ինչ-որ պահի Ադրբեջանը դադարի կատարել բանաձևի առաջարկները, ԵԽԽՎ-ն պետք է ավելի համարժեք պատասխան տա, քան դատապարտումներն են․ Արփինե Հովհաննիսյան
ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ այս պահին ադրբեջանական իշխանությունները պետք է պարզապես իրենց երկրի մասին ընդունված զեկույցներում նշված երաշխավորությունները, առաջարկությունները կամ հանձնարարականները կատարեն: Նա, Tert.am-ի հետ զրույցում ներկայացնելով ԵԽԽՎ-ում աշնանային այս նստաշրջանում կատարվողը, պատմեց, որ հիմա պարզապես պետք է սպասել դրանք չկատարվելու դեպքում միայն կարող ենք հասկանալ, թե ինչպիսի հետևանքների առջև կարող է կանգնել Ադրբեջանը:
«Իրականում այս ամբողջ քննարկումների համատեքստում, թե՛ իմ, թե՛ մեր պատվիրակության, թե՛ առհասարակ շատ այլ պատվիրակությունների դիրքորոշումը հենց այն է, որ այդ երկրի գործելաոճին անադեկվատ են այն ձևակերպումները, որոնք պարունակում են զեկույցները: Եվ երբ նրանք ինչ-որ պահի դադարեցնեն պարտականությունները կատարելը կամ սկզբունքորեն շարունակեն իրենց քաղաքականությունը և չիրականացնեն իրենց պարտավորությունները, ԵԽԽՎ-ն պետք է ավելի համարժեք պատասխան տա, քան դատապարտումներն են կամ կոչերն են կամ նմանատիպ ձևակերպումները»,- ասաց նա:
Նշենք, որ ԵԽԽՎ-ում այսօր ընդունված երկու զեկույցներից առաջինը «Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը»-ն էր, որը պատրաստել էին ԵԽԽՎ Ադրբեջանի գծով մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ստեֆան Շեննախնի ու Սեսար Ֆլորին Պրեդան՝ Ադրբեջան կատարած այցելության արդյունքների հիման վրա:
Իսկ երկրորդ զեկույցի հեղինակն է բելգիացի պատգամավոր Ալան Դեստեքսը։ Զեկույցը կրում է «Ադրբեջանի նախագահությունը Եվրախորհրդում. որո՞նք են մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում հետագա գործողությունները» անունը:
Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ ԵԽԽՎ-ում ներկայացվեց պրակտիկան, թե ԵԽԽՎ-ում ընդունված բանաձևերում եղած հանձնառությունները չկատարելու դեպքում ինչ կարող է լինել: Նա հիշատակեց, որ վեհաժողովում եղել են պահեր, երբ օրինակ` երկրին զրկել են ձայնի իրավունքից, կասեցրել են նրա մասնակցությունը՝ տարբեր պատճառներով:
«Այդ դեպքում պետք է քննարկվի, թե ինչ չի արվել երկրի իշխանությունների կողմից,- ասաց նա՝մասնավորեցնելով, որ օրինակ, Ադրբեջանը չի կատարում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի՝ ադրբեջանցի ընդդիմադիր գործիչ Իլգար Մամեդովին ազատ արձակելու ցանկությունը,-, երեք տարի է՝ ազատ չի արձակվում, հիմա կրկին այդ զեկույցներում ասվում է՝ անհապաղ պետք է նրան ազատ արձակել, պետք է սպասենք, թե արդյոք իրականում ազատ են արձակելու, թե շարունակելու են կրկին երեսպաշտությամբ զբաղվելու: Դրանից հետո կգա ժամանակը հետևանքների»:
Նա նշեց, որ այս պահին ԵԽԽՎ-ում չի քննարկվում Ադրբեջանին մասնակցությունից զրկելու թեման: Նկատեց, որ դա հնարավոր է քննարկվի, եթե Ադբեջանը չկատարի զեկույցներում եղած առաջարկությունները, երաշխավորություններն ու հանձնարարականները:
«Այսօր ընդունված բանաձևերում շատ կոշտ գնահատականներ կան: Ադրբեջանցիների վրա դրված էին պարտավորվածություններ, եթե չկատարվեն, կսկսվեն այլ քննարկումներ»,- ասաց նա:
Անդրադառնալով ադրբեջանցի պատվիրակության ղեկավարի հայտարարություններին, թե իրենք գիտեն, թե ովքեր են կանգնած այդ զեկույցների հետևում` հայաստանյան պատվիրակության ղեկավարն ասաց․ «Դա ընդամենը շանտաժ է: Դա ընդամենը իրականությունը խեղաթյուրելու եղանակ է․ ինչ-որ պատվիրակների վրա հարձակվել և ասել, որ մենք գիտենք, թե ձեր հետևում ովքեր են: Իրականում ամբողջ ԵԽԽՎ-ն գիտի, թե նրանք ում հետևում են կանգնած և թե ինչպիսի խայտառակ կոռուպցիոն սկանդալների մեջ են ներքաշված: Անաչառ պատվիրակներին շանտաժի ենթարկելով՝ նրանք ոչինչ չի ստացվի»,- ասաց նա:
Արփինե Հովհաննիսյանը Ադրբեջանի դեմ ԵԽԽՎ-ում եղած զեկույցներն ու ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի հրաժարականը չկապեց միմյանց հետ: Նա նկատեց․ «Պեդրո Ագրամունտի և ԵԽԽՎ նոր նախագահի ընտրության հոսանքների մեջ նկատելի էր նաև Ադրբեջանի լոբբի ազդեցությունը, բայց ուղղակի կապ այդ զեկույցների և նախագահի ընտրության գործընթացի մեջ ես չեմ տեսնում»:
Խոսելով նոր ընտրված ԵԽԽՎ նախագահի մասին, ում սատարում էր նաև հայաստանյան պատվիրակությունը՝ Արփինե Հովհաննիսյանը նշեց, որ կցանկանար, որ նրան և նրա գործունեությունը մենք չդիտակեինք մեր «նեղ հայկական պրիզմայով»:
«Ես դա չափազանց շատ եմ կարևորում: Նախ և առաջ, որովհետև նա զբաղեցնելու է ընդամենը երեք ամիս, բայց երեք ամսվա ընթացքում նա կհասցնի մթնոլորտ փոխել,- ասաց նա՝ նշելով, որ իր համար շատ ավելի կարևոր է, որ ԵԽԽՎ նոր նախագահը աչքի է ընկել իր սկզբունքային, անաչառ դիրքորոշումներով,- մենք նրան սատարել ենք ոչ թե նրա համար, թե ինչպիսին են եղել նրա հայացքներն Ադրբեջանին վերաբերող այս կամ այն հարցի վերաբերյալ: Բացարձակապես նման խնդիր դրված չի եղել: Եղել է դիրքորոշում, որ առհասարակ Խորհրդարանական վեհաժողովում այս կամ այն հարցի հետ կապված ինքն ինչ դիրքորոշում է ունեցել, իսկ նա միշտ դրսևորել է սկզբունքային դիրքորոշում: Մենք ունենք ԵԽԽՎ նախագահ, որն իրականում որևէ մեկի շահերի պաշտպանը չէ, ինչպես ինքն էր ասում՝ ինքը իրականում հավատ ունի մարդու իրավունքի գերակայության և ժողովրդավարական արժեքների նկատմամբ»:
Արփինե Հովհաննիսյանը չափազանցված ակնկալիքներ չունի, որ ԵԽԽՎ-ն այս նստաշրջանից հետո իր երեսը կպարզեցնի: «Փաստերն ավելի խոսուն են: Իհարկե, Ագրամունտը հրաժարական տվեց, ԵԽԽՎ նոր նախագահի նշանակումը իրականում ցույց տվեց, որ խորհրդարանական վերաժողովը, պատվիրակները սկսել են հասկանալ, թե ինչ է իրականում կատարվում վեհաժողովում: Բայց ես չափազանցված ակնկալիքներ չունեմ , աշխատանքը շարունակվում է և մենք աշխատում ենք: Եվ ինչպես ժամանակին արդեն ասել եմ՝ միայն մենք չէ, որ շարունակում ենք աշխատել, այդ թվում՝ և ադրբեջանական պատվիրակությունն է աշխատում,- ասաց նա՝ հավելելով, որ շատ կարևոր է, որ այս պահին ԵԽԽՎ-ում ձևավորված մթնոլորտը շարունակվի և դառնա վեհաժողովի սովորական մթնոլորտ, -որովհետև սա արտաքին ազդակների ներքո ձևավորված մթնոլորտ է, որի արդյունքում սկսվել է մաքրման գործընթաց, բայց այդ գործընթացը սկիզբը կամ սկզբից մեկ կամ երկու քայլ առաջ է, բայց մենք պետք է հասնենք ավարտին, որովհետև ես համոզվում եմ, որ վեհաժողովում շարունակում են լինել պատվիրակներ, որոնք ամենևին էլ իրենց կեցվածքով մարդու իրավունքների, ժողովրդավարության արժեքները կրող չեն»: