Ընտանեկան նպաստի համակարգը 100 տոկոսով կարգավորել անհնար է. Աստղիկ Մինասյան
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյան չի հերքում, որ «Փարոս» ծրագրի հետ կապված խնդիրեր կարող են լինել: Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց, որ ցանկացած երկրում գերակա խնդիր է մնում նման ծրագրերը 100 տոկոս ճշգրտությամբ իրականացնելը:
«Ընտանեկան նպաստներն ամեն տարի գնահատվում են ԱՎԾ տվյալներով՝ տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջական հետազոտության արդյունքում: Այդ տվյալները հրապարակվում են «ՀՀ-ում աղքատությունը և սոցիալական պատկեր»-ը զեկույցի ներքո, և մեր քաղաքացիները կարող են դրան ծանոթանալ: Մենք չենք հերքում, որ կան ընտանիքներ, որոնք չպետք է ստանային, սակայն համակարգում ներառված են, և կան ընտանիքներ, որոնք աղքատ են, բայց ներառված չեն համակարգում: Սրանք բացառման սխալներ են, իսկ նախարարության կողմից իրականացվող բոլոր միջոցառումներն ուղղված են նրան, որ այդ սխալները մաքսիմալ կրճատվեն»,- ասաց նա:
Միևնույն ժամանակ Աստղիկ Մինասյան, անդրադառնալով քննադատությանը, թե «Փարոս» ծրագրի միավորներն օգտագործվում են գյուղապետերի կողմից որպես գործիք, ասաց, որ գյուղապետի կողմից տրված որևէ տեղեկանքով հնարավոր չէ նմանատիպ ծրագրերի մասնակից դառնալ:
«Նման հայտարարություն անող մեր բանախոսներին խորհուրդ կտամ, որ գոնե մեկ անգամ սոցիալական փաթեթ բացեն և կտեսնեն, որ որևէ գյուղապետ որևէ տեղեկանք տալու ո՛չ պարտականություն, ո՛չ լիազորություն ունի: Որևէ տեղեկանք գյուղապետից չի պահանջվում, նա ընտանիքի անապահովության միավորը բարձրացնել կամ իջեցնել չի կարող»,- ընդգծեց Աստղիկ Մինասյան:
Վերջինս նկատեց, որ ընտանեկան նպաստների համակարգը գործում է 1999 թվականից և չի եղել մի տարի, որ գնահատման կարգի փոփոխություն չլինի, որը կհամապատասխանեցվի տվյալ պահին առավել ցցուն տվյալներին: Մինասյանի խոսքով՝ վիճակագրական տվյալներում նշված է նաև բնակության վայրը, ընտանիքի անդամների քանակը և այլն:
«Այն սոցիալական խմբերը, որոնք նպաստում են աղքատության խորացմանը, առաջնային մենք դա ենք հաշվի առնում: Ընտանիքին նման վիճակից հանելու ավելի հեշտ տարբերակ է նաև կրթությունը, և մեր քաղաքականությունն ուղղվում է նաև կրթության ապահովմանը, որպեսզի լինի որակի բարելավում և այլն»,- նշեց նախարարության սոցիալական աջակցության վարչության պետը:
Դիտարկմանը, որ ամեն տարի անապահովության նպաստի կարգի փոփոխությունն, ասես, սպասարկում է պետության, ոչ թե հասարակության շահը, իսկ աղքատության մակարդակը մեզ մոտ գնալով աճում է, Աստղիկ Մինասյան պատասխանեց. «Ընտանեկան նպաստը, որն այս պահին կոչվում է կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստ, զուտ ժամանակավոր բնույթ պետք է կրի: Դա պետք է լինի այնքան ժամանակ, մինչև տնտեսության զարգացման, զբաղվածության խթանման, աշխատանքի շուկայի զարգացման միջոցով աղքատությունը նվազի: Եթե մենք աղքատության և նպաստների միջև դնենք հավասարության նշան, ապա անհնար կլիներ: Նպաստը ժամանակավոր է, այսինքն՝ այնքան, մինչև ընտանիքը ոտքի կանգնի»: