ՀՀ-ն արևային էներգիայի անսահմանափակ ռեսուրս ունի, բայց կուտակիչ կայաններ չկան. նախարար (տեսանյութ)
Աշխարհում էներգետիկ ոլորտում 2 հեղափոխություն է ընթանում՝ արևային և միջուկային էներգետիկայի բնագավառներում: Իր աշխատանքային գործունեության 1 տարին ամփոփող ասուլիս ժամանակ այս մասին ասաց էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը:
Նա, խոսելով ՀՀ-ում արևային էներգիայի ոլորտի ներկայիս պատկերի մասին, նշեց, թե այսօրվա գործող տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս արևային էներգիան օգտագործել միայն արևային ժամերին:
«Առօրյա խոսքով ասած՝ արևը, երբ դուրս է գալիս, մենք ունենում ենք էներգիա, արևը մայր է մտնում, ու մենք չենք ունենում էներգիա: Պատկերացնենք՝ կառուցել ենք 300 ՄՎտ հզորությամբ արևային կայան, ինչը և՛ դժվար չէ, և՛ թանկ չէ: Արևային ժամերին մենք կունենանք 300 ՄՎտ հզորություն, բայց գիշերն ինչո՞վ ենք փոխարինելու այդ էներգիան: Գիշերային ժամին էներգիա ունենալու համար գազային կայաններ են պետք, այսինքն՝ գազային կայանները պարտավոր ենք պահել տաք պահուստով, իսկ դա նշանակում է, որ գազ այրեն, բայց էլէներգիա չստանան»,- մանրամասնեց Աշոտ Մանուկյանը:
Նախարարի խոսքով՝ գազ այրել, բայց էներգիա չստանալը արևային էներգիայի գինը «ոսկու գների կբարձրացնի»: Նրա խոսքով՝ հենց սա է պատճառը, որ այս պահին ՀՀ-ում զարկ չեն տալիս արևային էներգիայի զարգացմանը:
«Ինչ վերաբերում է նրան, թե ինչու այլ երկրներ գնում են այդ ճանապարհով, իսկ մենք՝ ոչ, ասեմ, որ էներգետիկ համակարգը սահմանափակ է՝ մեր սպառումը տարեկան կազմում է 6.6 մլրդ կիլովատ ժամ: Մեր էներգետիկ համակարգն այսօրվա տեխնոլոգիական պայմաններում կարող է 70 ՄՎտ էներգիա կլանել, ոչ ավելի, իսկ 70 ՄՎտ-ին մենք արդեն իսկ զարկ տվել ենք»,- ընդգծեց Մանուկյանը:
Աշոտ Մանուկյանը նկատեց, որ այսօր ՀՀ-ում կարողանում են ստանալ արևային էներգիա, բայց խնդիր կա կուտակիչ մարտկոցների հետ կապված: Նա տեղեկացրեց, որ Ավստրալիայում մինչև 2018 թվականի սկիզբը կավարտվի մինչև 100 ՄՎտ հզորության արևային էներգիայի արտադրման կայանի կառուցումը, որը կաշխատի կուտակիչ մարտկոցներով:
«Կարծում եմ՝ այդ կայանը կունենա հաջողություն, և մենք այդ ժամանակ կտեսնեք, թե կուտակումն ինչ արժե: Կուտակիչ մարտկոցն ինքնին նոր հայտնագործություն չէ, բայց արդյունաբերական մասշտաբով կուտակիչ մարտկոցի կառուցումն ու դրա շահագործումն ի՞նչ արժե՝ հարց է: Վստահ եմ՝ առաջիկա տարիներին տեխնոլոգիական զարգացման պայմաններում կուտակիչ մարտկոցների գինը կնվազի, և մեզ համար կդառնա հասանելի: Այդ ժամանակ մենք հնարավորություն կունենաք ՀՀ-ում օգտագործել արևային էներգիան, որի պաշարը ՀՀ-ում անսահմանափակ է»,- նշեց նախարարը:
Հարցին՝ հաշվի առնելով, որ եթե մենք ունենք անսահմանափակ պաշարներ, ապա գործնականում ե՞րբ ՀՀ սպառողին հասանելի կլինի արևային էներգիան, Աշոտ Մանուկյանը պատասխանեց. «Առաջին 70 ՄՎտ-ը, որը մենք կարող ենք կլանել, առաջիկա 2-4 տարիների ընթացքում կօգտագործենք: Երբ կլինեն կուտակիչ մարտկոցները, որ թվականին հասանելի կլինեն մեզ մոտ՝ դժվարանում եմ ասել, բայց առաջիկա տասնամյակում»: