Արցախն Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ կապ չունի. Էդուարդ Շարմազանով
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը տեղյակ է, որ Արցախ այցելած Մեքսիկա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Բլանկա Մարգարիտա Կուատա Դոմինգեսի գլխավորած պատվիրակության անդամներին Ադրբեջանը սև ցուցակ է գցել: Նա այսօր ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց թե ինքը, որպես մեքսիկացի պատգամավորներին Արցախ ուղեկցած անձ, կարող է հստակ ասել, որ Ադրբեջանի սև ցուցակը մեքսիկ պատգամավորներին չի անհանգստացնում: Նրա խոսքով՝ Արցախում մեքսիկ պատգամավորներն ունեցել են բարձր մակարդակի հանդիպումներ:
«Երբ ադրբեջանական կողմը հայտարարում է, թե իրենք ջանք չեն խնայելու, որպեսզի հասկանան, թե ինչպես ենք մեքսիկ պատգամավորները հայտնվել ՀՀ-ում ու Արցախում, ասեմ, որ ջանք չխնայելու կարիք չկա, քանի որ իմ կողմից ՀՀ այցելելու հրավեր է եղել: 2 օր նրանք եղել են Հայաստանում, իսկ այդ ընթացքում իրենք ցանկացել են իրենց աչքերով տեսնել Արցախի Հանրապետություն, մենք իրենց ցանկությունն իրականացրել են: Կարող եմ ասել, որ նրանք շատ բարձ տրամադրությամբ են եկել Արցախից, հասկացել են, որ Արցախը զարգանում է որպես ժողովրդավարական պետություն»,- ասաց նա:
Շարմազանովը, խոսելով Ադրբեջանի՝ ժնևյան հանդիպումից հետո ունեցած կեցվածքի և տարածքային ամբողջականության վերաբերյալ հայտարարությունների մասին, ասաց, թե այդ հայտարարությունները զուտ ներքին սպառման համար են և ամենևին կապ չունեն բանակցությունների հետ:
«Մինսկի խումբ արդեն հայտարարել է 3 հայտնի սկզբունքների մասին: Եթե նույնիսկ ադրբեջանցիները խոսում են տարածքային ամբողջականության մասին, ապա պետք է այստեղ իրենց հիասթափեցնեմ, քանի որ Արցախը որևէ կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ: Արցախը ոչ մի օր, ոչ մի վայրկյան չի եղել անկախ Ադրբեջանի կազմում: Ինչպես նաև հոկտեմբերյան հեղաշրջումից հետո Լեռնային Ղարաբաղում արդեն իսկ հայկական պետություն գոյություն ուներ, իսկ 1923-1924 թթ.-ին ԼՂԻՄ-ն ունեցել է իր Սահմանադրությունը: Խորհրդային ժամանակաշրջանում Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզն ընդամենը տնտեսական կապի մեջ է եղել Ադրբեջանի հետ: Հիմնական նշանակումներն ուժային և քաղաքական պաշտոններում կատարել է Խորհրդային Միության ղեկավարությունը»,- շեշտեց Էդուարդ Շարմազանովը:
ԱԺ փոխխոսնակը նկատեց, որ ինչպես Ադրբեջանը, Հայաստանը, Լատվիան, Լիտվան, Էստոնիան և մյուս երկրներն անջատվել են Խորհրդային Միությունից, այնպես էլ Արցախն է անջատվել է:
«Եվ եթե մեր գործընկերները Եվրոպայում կամ այլ երկրներում ընդունում են նախկին խորհրդային երկրների անկախությունն, ապա առնվազն տարակուսելի է, որ նրանք նույն բանը չեն անում Արցախի դեպքում, քանի որ նույն ընթացակարգերով այն անջատվել է ոչ թե Ադրբեջանից, այլ Խորհրդային Միությունից: Արցախն Ադրբեջանի կազմում չի էլ եղել»,- եզրափակեց Էդուարդ Շարմազանովը: