Վրաստանն այս հարցում զգույշ քաղաքականություն է վարում. Է. Վարդանյանը` Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային ճանապարհին ՀՀ–ի միանալու մասին
Ադրբեջանը, Թուրքիան մշտապես խոսել են այն մասին, որ Հայաստանի հետ որոշակի հարաբերություններ ունենալը պայմանավորված է ղարաբաղյան խնդրի լուծմամբ և նման հայտարարությունը սպասելի էր: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՌԱՀԿ փորձագետ, քաղաքագետ Էդգար Վարդանյանը` անդրադառնալով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությանը, ըստ որի` Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային ճանապարհին Հայաստանի միանալը հնարավոր է միայն Ղարաբաղյան հակամարտության կարգավորումից հետո:
Նա նշեց, որ Ադրբեջանը ցանկանում է ցույց տալ միջազգային հանրությանը, որ ինքը շահագրգռված է կոնֆլիկտի արագ լուծմամբ, կառուցողական է տրամադրված և շատ հարցեր կլուծվեն խնդրի կարգավորումից հետո: Ըստ նրա` Ադրբեջանը հույս ունի, որ Հայաստանի նկատմամբ որոշակի ճնշումներ կլինեն, որ Հայաստանն ավելի շատ գնա զիջման ճանապարհով:
Ինչ վերաբերում է Վրաստանի դիրքորոշմանը, ապա նա ասաց, որ Վրաստանն այս հարցում զգույշ քաղաքականություն է վարում: «Հասկանալի է, որ Վրաստանը բավականին ինտեսիվ հարաբերություններ ունի Ադրբեջանի, Հայաստանի հետ, և շատ դեպքերում հանդես է գալիս որպես Ադրբեջանի և Հայաստանի տարբեր մշակութային, հասարակական գործիչների համար հավաքատեղի: Մի փոքր մշակութային միջնորդի դեր է փորձում ստանձնել, ավելին սպասել Վրաստանից պետք չէ»,-ասաց նա:
Էդգար Վարդանյանը նկատեց, որ Հայաստանը միշտ ասել է, որ ղարաբաղյան հարցը չպետք է կապել այլ հարցերի հետ: Ամեն դեպքում քաղաքագետն ասաց, որ Հայաստանի արտաքին քաղաքականության և երկաթգծի այդ ծրագրի միջև կապ չի տեսնում: «Ես չեմ տեսնում, որ դա կարող է որևէ կերպով դրական կամ բացասական ազդել Հայաստանի արտաքին քաղաքականության, իմիջի վրա: Հայաստանն ինքը պետք է միշտ մտածի այն մասին, թե ինչպես դիվերսիֆիկացնի արտաքին քաղաքական հարաբերությունները, ինչի արդյունքում Հայաստանն, ընդհանուր առմամբ, կարող է շահել և ուժեղանալ»,-ասաց նա: