Կապարի թույլատրելի խտությունը գերազանցող ներկերը կարող են առողջական ռիսկեր պարունակել, բայց շուկան կարգավորելու մեխանիզմները բավարար չեն. Բ. Պիպոյան
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հայաստանում կապարի թույլատրելի խտությունը գերազանցող ներկերի վաճառքի խնդրին, նշեց, որ ցավոք մետաղների հետ կապված հետազոտությունները բավականին հին են:
«Իսկապես այդ խնդիրը կարող է առողջական ռիսկեր պարունակել, սակայն ցավալին այն է, որ շուկան կարգավորելու առկա մեխանիզմները բավարար չեն»,-ասաց նա և նշեց, որ վաղուց ապրանքները լաբարատոր փորձաքննության չեն ենթարկվում:
Սերտիֆիկացնող մարմինների վերաբերյալ Բաբկեն Պիպոյանն ասաց, որ բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտներ նշել են, որ սերտիֆիկացումը երկրում տեղի է ունենում խայտառակ մակարդակով: Նա օրինակ բերեց, որ խաղալիքների առումով շատ տնտեսվարողներ սերտիֆիկացում չեն իրականացնում, քանի որ չեն վստահում սերտիֆիկացնող մարմնին:
«Տեսչական մարմինը տեսնում է սերտիֆիկատ, բայց սերտիֆիկատը, որը իբրև թե պետք է ապացուցեր անվտանգությունը չի ապացուցում: Որոշ դեպքերում անգամ այդ սերտիֆիկատն է բացակայում: Մենք պետք է կարգավորենք սերտիֆիկացման ոլորտը, որը խայտառակ վատ վիճակում է»,-ասաց նա և նշեց, որ թեև կա նաև օրենսդրական բաց:
Բացի այդ Բաբկեն Պիպոյանն ասաց, որ սերտիֆիկացման պարագայում միանշանակ կոռուպցիոն ռիսկեր կան, սակայն մեխանիզմը լավը չէ, քանի որ սերտիֆիկացնող մարմինների նկատմամբ էլ պետք է լինի խիստ վերահսկողություն:
Նա ասաց, որ մետաղների թույլատրելի խտությունից ավելին լինելն իր մեջ տարբեր վտանգներ է պարունակում, ընդհուպ մինչև քաղցկեղածին:
«Մենք երեք տարվա ընթացքում իրավիճակի փոփոխության վերաբերյալ տեղեկություն չունենք, ոչ մի քաղաքակիրթ երկրում նման բան չեք տեսնի: Այսինքն՝ երեք տարվա ընթացքում չի բացառվում, որ վիճակը ինքն իրենով կարգավորվել է, կամ ավելի է վատացել, կամ նույն վիճակում է»,-ասաց նա և նշեց, որ պետական մակարդակով խնդրի վերաբերյալ գնահատական չի տրվում: