Երկուշաբթի կփորձենք ապահովել «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամների մասնակցությունը տարկետման մասին օրինագծի քննարկմանը. Ա. Զեյնալյան
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանի կարծիքով՝ խոչընդոտ չկա, որ քաղաքացիական հասարակության որևէ անդամի կամ հրավիրյալ անձ ներկա գտնվի հանձնաժողովների նիստին և ներկայացնի իր կարծիքը․ լրագրողների հարցերին, թե արդյոք իրականում «Հանուն գիտության զարգացման նախաձեռնության» անդամները չեն կարող մասնակցել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի քննարկմանը, այսպես պատասխանեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը:
«Այդպիսի պրակտիկա կա․ մի շարք հանձնաժողովների նիստերում ներկա են եղել հրավիրյալներ: Մենք կփորձենք երկուշաբթի օրը կազմակերպել, որ նրան ներկա գտնվեն: Մասնակցությունը կփորձենք ապահովել, իսկ արդյունքները պետք է նայենք, թե որքանով են համապատասխանում օրինականությանը, թե որքանով է հնարավոր դա իրականացնել Ազգային ժողովի կանոնակարգով»,- ասաց նա:
Արտակ Զեյնալյանի խոսքով՝ իրենք դեռ պետք է ուսումնասիրեն «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամների ներկայացրած առաջարկները, գնահատեն և դրանց միջից «վերցնեն այն ռացիոնալը, որ կա»:
Անդրադառնալով «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծում եղած նոր առաջարկներին և զիջումներին, որի մասին ակնարկել էր պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը, Արտակ Զեյնալյանը նշեց, որ դեռևս ձեռնպահ կմնա իրենց խմբակցության դիրքորոշումը հայտնելուց:
«Դեռ քննարկման անհրաժեշտություն կա: Կարող եմ ասել, որ նախագծում ներկայացված թիվը, որում խոսվում էր 500 հազար դրամով բարձրացնելու մասին, այս անգամ փոխված է ներկայացվել: Գործող 100 հազարի փոխարեն առաջարկվում է 200 հազար սահմանել: Ես դիրքորոշում չեմ հայտնում, ես ներկայացնում եմ փաստական տվյալները: Ժամկետը մենք առաջարկում էինք մինչև 2018 թվականի հունիս, հիմա դա երկարաձգվել է 2019 թվական և այն սահմանակումը, որ դա վերջին անգամն է լինելու, դա էլ չկա»-,- ասաց նա:
Հիշեցնենք, որ այսօր Պաշտպանության և ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում պետք է քննարկվեր «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Նախագիծը հեղինակել են մի խումբ պատգամավորներ՝ Գալուստ Սահակյանը, Կարինե Աճեմյանը, Վահե Էնֆիաջյանը, Աղվան Վարդանյանն ու Արտակ Զեյնալյանը: Նրանք առաջարկում են պարտադիր զինծառայություն չանցած, արտերկրում գտնվող, 27 տարեկանը լրացած երիտասարդներին այս անգամ էլ հնարավորություն տալ վճարում կատարել և ազատվել հետախուզումից:
Նշենք նաև, որ փոփոխությամբ առաջարկվում էր ամեն զորակոչի համար վճարել մի քանի անգամ ավելի բարձր գին՝ 500 հազար դրամ։ Բացի դրանից` ՊՆ-ի առաջարկով նախատեսվում էր օրենքով ամրագրել, որ այլևս հնարավորություն չի տրվելու երկարացնել ժամկետ, այսինքն` սա վերջին հնարավորությունն է բանակում ծառայությունից խուսափողների համար: