Իրավապաշտպան խմբերը կոչ են արել ԵՄ-ին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա Արևելյան գործընկերության գագաթնաժողովից առաջ
Եվրամիության անդամ երկրների առաջնորդները պետք է ճնշում գործադրեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վրա երկրում բռնաճնշումները դադարեցնելու և մարդու իրավունքների ոլորտում բարեփոխումներ իրականացնելու համար: Այդ մասին ասված է Եվրամիության անդամ երկրների ղեկավարներին ուղղված 37 ոչ կառավարական խմբերի նամակում, հայտնում է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության կայքը:
Նոյեմբերի 24-ին ԵՄ անդամ երկրների և Արևելյան գործընկերության վեց երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի ղեկավարները հավաքվելու են Բրյուսելում Արևելյան գործընկերության 5-րդ գագաթնաժողովի համար:
«ԵՄ-ն ասել է, որ Արևելյան գործընկերության երկրները պետք է կայացած քաղաքական հասարակություններ և ազատ մամուլ ունենան, բայց նախագահ Ալիևի Ադրբեջան այդ թեստը չի անցնում: ԵՄ առաջնորդները պետք է հստակ դարձնեն, որ Ադրբեջանի հետ չեն լինի ավելի սերտ կապեր, եթե իշխանությունները չդադարեցնեն քաղաքացիական հասարակության և այլախոհ ձայների նկատմամբ բռնաճնշումները»,- ասել է «Միջազգային գործընկերություն հանուն մարդու իրավունքների» (IPHR) կազմակերպության տնօրեն Բրիջիթ Դյուֆուրը:
Նշվում է, որ վերջին տարիներին Ադրբեջանի իշխանությունները խախտել են Արևելյան գործընկերության մասնակից երկրների կողմից ստանձնած պարտավորությունները՝ ընդունելով օրենքներ և կարգավորումներ, որոնք սահմանափակում են ազատ խոսքի իրավունքը: Իշխանությունները փակել են անկախ լրատվամիջոցները, ինչպես նաև հետապնդել, ահաբեկել և ձերբակալել են անկախ լրագրողներին, իրավապաշտպաններին, ակտիվիստներին և քաղաքացիական հասարակության այլ անդամների:
Մինչ այսօր էլ տասնյակ ակտիվիստներ մնում են ճաղերի հետևում, և իշխանությունները շարունակում են քաղաքական դրդապատճառներով մեղադրանքներ օգտագործել իշխանության քննադատներին ազատազրկելու համար: