Անհրաժեշտ է լոբբիստական աշխատանքներ տանել, որ ԵՄ ազգային խորհրդարանների կողմից ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումը չհետաձգվի. փորձագետ
«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Նարեկ Մինասյանի խոսքով՝ Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը շատ լուրջ քայլ էր ինչպես ՀՀ-ԵՄ հարաբերությունների համատեքստում, այնպես էլ ընդհանրապես Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության համար:
Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ համաձայնագրի ստորագրումը փաստացի ապացուցում է, որ Հայաստանի որդեգրած «և-և»-ի քաղաքականությունը աշխատող է, ռացիոնալ և տալիս է իր արդյունքները:
Խոսելով արդեն համաձայնագրի ստորագրումից հետո սպասվողի մասին՝ նա նշեց, որ որոշ կետեր ուժի մեջ են մտնում համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո:
«Համաձայնագրի դրույթների մի մասը, սակայն, կարող է կյանքի կոչվել արդեն վավերացումից հետո, եթե կողմերի միջև այդ մասին համաձայնություն լինի: Իսկ համաձայնագիրը պետք է վավերացվի ինչպես Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից, այնպես էլ ԵՄ անդամ երկրների ազգային խորհրդարանների և Եվրախորհրդարանի կողմից: Դրանից հետո այն կյանքի կկոչվի միանգամից»,- ասաց նա:
Փորձագետի կանխատեսմամբ՝ համաձայնագիրը լուրջ խոչընդոտների չի հանդիպի: Սակայն նա նշեց, որ հաշվի առնելով ուկրաինական և վրացական փորձը՝ Ասոցացման համաձայնագրի վավերացման հետ կապված, պետք է սպասել, որ նման համաձայնագրերի վավերացումը տարբեր երկրների ազգային խորհրդարանների կողմից որոշակի ժամկետներ պահանջեն:
«Քանի որ, ակնհայտ է՝ այդ խորհրդարաններում նման համաձայնագրերը առաջնահերթությունների շարքերում չեն: Մի կողմից՝ բազմաթիվ ներքին խնդիրներ կան, բացի այդ, կա բուն եվրոպական օրակարգ: Դրա համար անհրաժեշտ է, որ որոշակի լոբբիստական աշխատանքներ իրականացվեն, որպեսզի համաձայնագրի վավերացումը ազգային խորհրդարանների կողմից չհետաձգվի»,- ասաց նա:
Նարեկ Մինասյանը նաև մատնանշեց, որ կարևոր է, որ համաձայնագրի իրագործումը վերահսկելու նպատակով հատուկ մարմիններ են ստեղծվելու՝ վերահսկող են լինելու նախարարների, բարձրաստիճան պաշտոնյանների մակարդակներով, համաձայնագրի երկու կողմերի խորհրդարանականների ձևաչափերով ստեղծված հարթակները, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ինստիտուտները:
«Ըստ համաձայնագրի՝ այդ չորս մարմինները նաև գործիք են ստանալու դրա իրագործման, կյանքի կոչման գործընթացը վերահսկելու համար, նաև շատ հետաքրքիր գործիքներ են տրված միմյանց աշխատանքը վերահսկելու համար: Այսինքն՝ համաձայնագիրը բոլոր գործիքները տալիս է կողմերին՝ այն իրագործելու համար, մնում է, որ երկու կողմերն էլ կամք և բավարար ջանք գործադրեն այդ ուղղությամբ»,- ասաց նա:
Նարեկ Մինասյանը համաձայնագրի հաջող ստորագրումը պայմանավորեց և՛ Հայաստանի դիվանագիտական կորպուսի լավ աշխատանքով, և՛ նաև աշխարհաքաղաքական նպաստավոր պայմաններով:
«Այդ բանակցությունները հայկական կողմը վարում է ավելի քան երկու տարի, և նախկինում էլ ենք ունեցել արդեն բանակցված և բանակցություններն ավարտված՝ Ասոցացման համաձայնագրի հետ կապված գործընթաց: Բնականաբար այս նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները հենվում էին նախկինում համաձայնեցված դրույթների վրա: Բացի այդ, պետք է նշել, որ վերջին տարիներին նկատվող լարվածությունը Արևմուտքի և Ռուսաստանի միջև ոչ միայն մարտահրավերների առջև է կանգնեցնում մեզ, այլ նաև հնարավորություններ է ստեղծում. Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ, կարողանում է Եվրոպական միության հետ կնքել նման ռազմավարական նշանակության համաձայնագիր, որը ինչ-որ առումով նշանակում է, որ Հայաստանը ստանձնում է որոշակի կամրջող դերակատարում այդ երկու միությունների միջև: Հետևաբար չպետք է բացառել, որ Հայաստանը շուտով կակտիվացնի իր ջանքերը ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև որոշակի երկխոսության կամուրջներ ձևավորելու ուղղությամբ: Շատ կարևոր է, որ թե՛ Եվրամիությունում, և՛ Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի այս կամրջող դերակատարումը գիտակցում են»,- ասաց նա:
Անդրադառնալով արդեն ՀՀ-ԵՄ համաձայնագրի իրագործման փուլում հայաստանյան քաղաքացիական հասարակության կողմից անհրաժեշտ ջանքերին՝ Նարեկ Մինասյանը նշեց, որ ակնհայտ է, որ համաձայնագիրը կյանքի կկոչվի, սակայն մեզ առավել անհրաժեշտ է, որ այն հնարավորինս արդյունավետ կյանքի կոչվի:
«Բնականաբար քաղաքացիական հասարակությանը տրվելու է բավականին լուրջ դերակատարում: Դա սահմանված է ոչ միայն համաձայնագրով, այլ դա հանդիսանում է բուն քաղաքացիական հասարակության ինստիտուտների դերակատարումն ու հիմնական խնդիրներից մեկը: Վերջին տարիներին նկատելի է, որ քաղաքացիական հասարակության ինստիտուտները լուրջ զարգացում են ապրում Հայաստանում, իրականացնում են բավական լուրջ դերակատարում: Պետք է նաև արձանագրել, որ այդ զարգացման մեջ Եվրամիությունն ունի լուրջ դերակատարում, և կարծում եմ, որ հետագայում ևս այդ համաձայնագրի կյանքի կոչման հետ կապված քաղաքացիական հասարակության ինստիտուտները, բացի համաձայնագրով ընձեռնվող գործիքներ ունենալուց, կիրականացնեն հավելյալ նախաձեռնողականություն, կիրականացնեն հավելյալ գնահատողական գործընթացներ, որպեսզի հնարավորինս նպաստեն համաձայնագրի կյանքի կոչմանը»,- ասաց նա: