«Ծառուկյան» դաշինքի պատգամավորներ Արթուր Մանուկյանի և Սերգեյ Բագրատյանի միջև ծեծկռտուք տեղի չի ունեցել. Վ. Էնֆիաջյան
«Ծառուկյան» դաշինքի պատգամավորներ Արթուր Մանուկյանի և Սերգեյ Բագրատյանի միջև ծեծկռտուք տեղի չի ունեցել: Tert.am-ի հետ զրույցում նման հայտարարություն արեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը՝ ապատեղեկատվություն որակելով ու հերքելով մամուլում շրջանառվող լուրը:
Դիտարկմանը, որ ականատեսներ են եղել, Էնֆիաջյանը պատասխանեց. «Հավանաբար, աշխատասենյակի կողքից անցնելուց բարձր տոն են լսել ու մտածել են՝ կռիվ է»:
Պատգամավորը, անդրադառնալով հարցին, Գագիկ Ծառուկյանի հետ քննարկե՞լ են միջադեպը, չէ՞ որ այսօր հանդիպել են նրա նետ, ասաց. «Ի՞նչ միջադեպ, եթե միջադեպ չի եղել, ի՞նչ քննարկենք: Մենք միշտ էլ խմբակցությունում քննարկումներ ենք ունենում, գրեթե ամեն օր էլ Ծառուկյանի հետ հանդիպում եմ»:
Ինչ վերաբերում է Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քվեարկության ժամանակ խորհրդարանում բարձրացած աղմուկին, Էնֆիաջյանն ասաց, թե այս հարցով էլ խմբակցությունում քննարկում եղել է, սակայն սա չի նշանակում, որ իրենք կաշկանդված են իրենց դիրքորոշումը հայտնել:
Դիտարկմանը, որ Նապոլեոն Ազիզյանը հայտարարեց, թե խմբակցությունը որոշած է եղել կողմ քվեարկել, ինչո՞ւ միանգամից որոշումը փոխվեց, Էնֆիաջյանը պատասխանեց. «Այսօր արդեն իսկ տվյալ օրենսդրական նախաձեռնության հետ կապված վարման կարգով մեր գործընկերը ներկայացրեց: Ես անձամբ Նապոլեոն Սուրենի Ազիզյանի հետ մոտեցել եմ քարտուղարություն և գրավոր ասել, որ տեխնիկական վրիպակ է: Թե ինչու փոխվեց՝ կրկնում եմ, որ մենք կաշկանդված չենք մեր դիրքորոշումները ներկայացնել»:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան խորհրդարանում քվեարկության դրված Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քվեարկության ժամանակ խորհրդարանում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը կոչ արեց «Ծառուկյան» խմբակցությանը միասին չմասնակցել քվեարկությանը, մինչդեռ քվեարկության ժամանակ Նապոլեոն Ազիզյանի կոճակը ցույց էր տվել կողմ քվեարկություն, ինչը, պատգամավորի խոսքով, տեխնիկական վրիպում է եղել։ Քվեարկության ժամանակ պատգամավորի ձայնը հաշվի էր առնվել։
Նշենք, որ տեղի ունեցած իրարանցումից հետո, ըստ մամուլի հրապարակումների, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Դավիթ Մանուկյանի աշխատասենյակում միմյանց են ծեծել «Ծառուկյան» դաշինք խմբակցության անդամներ Արթուր Մանուկյանը և Սերգեյ Բագրատյանը: