ՀՀ–ում շրջանառվող վիրուսներից հիվանդացության աճ է դիտվել 0-2 տ. երեխաների շրջանում, ստացիոնարները ծանրաբեռնված են. ԱՆ պաշտոնյա
Հանրապետությունում վերջին օրերին հատկապես երեխաների շրջանում դիտվող հիվանդացությունը սեզոնին համահունչ է և բնականոն: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Առողջապահության նախարարության վտանգավոր և օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը։
«Տոնական օրերին առողջապահության նախարարությունը շարունակել է իր մշտադիտարկումը: Ներկայումս հանրապետությունում շրջանառում են տարբեր վիրուսներ` և՛ գրիպի, և՛ շնչառական այլ վարակների, ընդհանուր հիվանդացության համատեքստում այսօր նկատելի աճ է դիտվել 0-2 տարեկան երեխաների շրջանում։ Դրանով է պայմանավորված, որ, մասնավորապես, Երևան քաղաքի մանկական ստացիոնարներում երեխաների դիմելիության աճը ավելի բարձր մակարդակի վրա է»,-ասաց նա:
ԱՆ ներկայացուցչի տեղեկացմամբ` այս պահին, հիմնականում հոսպիտալացումներ կան 4-5 մանկական հիվանդանոցներում: «Ամեն տարի ունեցել ենք նմանատիպ իրավիճակ, ուղղակի այս տարվա առանձնահատկությունն այն է, որ 0-2 տարեկան երեխաներն են գրեթե մեծամասնությունը»,-ասաց նա:
Լիանա Թորոսյանը հայտնեց, որ ծանր կամ ծայրահեղ կլինիկական վիճակով հոսպիտալացված երեխաներ վերակենդանացման բաժանմունքներում չկան, կան այնտեղ բուժվող երեխաներ, որոնք գրեթե 45-ն են և որևէ մեկը միացված չէ արհեստական շնչառական ապարատի, ունեն դրական դինամիկա:
«Պարզապես ծանրաբեռնված են աշխատում մեր ստացիոնարները, լրացուցիչ մահճակալներ են տրամադրվել: Տոնական օրերին բեռն ընկել է ստացիոնարների վրա, մեծ բաժինը ամբուլատոր հիվանդների սպասարկմանն է վերաբերում. դիմողների 5-10 տոկոսն է հոսպիտալացվել: Այսինքն`շրջանցելով առաջնային պոլիկլինիկակաները` այն պարագայում, երբ պոլիկլինիկաներում եղել է հերթապահություն, բնակչությունն ավելի շատ դիմել է ստացիոնար բժշկական օգնության»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե վստահության պակասի մասին չի՞ խոսում այն, որ պոլիկլինիկաներ չեն դիմում, Լիանա Թորոսյանը պատասխանեց.
«Ինչո՞ւ այդ դեպքում մնացածը դիմել են: Եվս մեկ անգամ կոչ եմ անում չշրջանցել պոլիկլինիկական ծառայությունները, թոթափել բեռը ստացիոնար կազմակերպությունների վրայից, քանի որ դրանք կոչված են ավելի ծանր հիվանդների ընդունել, իսկ ավելի թեթև ընթացքով անձինք դիմեն իրենց տարածքային մանկաբույժին և թերապևտին` առավելևս, որ նրանք առավել տեղեկացված են երեխայի ավելի խոցելի և թույլ կողմերին»,-ասաց նա:
ԱՆ ներկայացուցիչը նշեց, որ տրամաբանական է, որ ստացիոնարները աշխատում են ծանրաբեռնված, քանի որ անհրաժեշտության դեպքում երեխան հոսպիտալացվում է: Նա ասաց, որ յուրաքանչյուր տարի ունեցել ենք նման իրավիճակ և պետք չէ սա դիտարկել որպես արտառոց երևույթ և անհրաժեշտ չէ խուճապի մատնվել, ամեն ինչ նորմայի մեջ է:
Նա նաև ծնողներին հորդորեց, որ հատկապես 0-2 տարեկան երեխաների դեպքում, հաշվի առնելով, որ նրանք ավելի խոցելի են, նվազագույնի հասցնեն շփումները վիրուսակիր մարդկանց հետ, քանի որ այս հիվանդությունը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով և մեծահասակը վիրուսակիր լինելով և թեթև անցկացնելով հիվանդությունը, կարող է իրեն հիվանդ չհամարել, բայց լինել վարակի աղբյուր փոքրիկի համար:
Նախարարության ներկայացուցիչն ասաց, որ իրավիճակն ամեն օր հսկվելու է: Նա նաև ներկայացրեց շտապօգնության ենթակայանից տվյալներ և նշեց, որ արտառոց տարբերություն չկա նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Նա ասաց, որ թոքաբորբերով կանչերը 20-ից չեն անցնում, որոնք հիմնականում արձանագրվում են մեծահասակների շրջանում։ Այս պահի դրությամբ ծայրահեղ ծանր դեպք չկան:
Լիաննա Թորոսյանի խոսքով` ցուրտը հող է ստեղծում այդ հարուցիչների համար։ Հայաստանում սեզոնը սկսվում է հոկտեմբերին և ձգվում մինչև ապրիլ: