Թուրքիայում ԱՄՆ հարցերով ժամանակավոր հավատարմատարը կրկին կանչվել է երկրի ԱԳՆ
Թուրքիայում ԱՄՆ հարցերով ժամանակավոր հավատարմատար Ֆիլիպ Քոսնեթը երկրորդ անգամ կանչվել է երկրի արտաքին գործերի նախարարություն, այս մասին հայտնում է թուրքական «Սաբահ» պարբերականը:
Թուրքական կողմն իր անհանգստությունն է հայտնել ԱՄՆ-ի պետքարտուղարության այն հայտարարության առնչությամբ, որով երկրի քաղաքացիներին հորդորվել էր խուսափել Թուրքիա մեկնելուց՝ անվտանգության նկատառումներով:
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի՝ իրենց երկրի մասին Պետդեպի հաղորդած տեղեկատվությունը «ճիշտ չէ»:
Նշենք, որ Ֆիլիպ Քոսնեթն այս հանդիպումից ժամեր առաջ կրկին կանչվել էր Թուրքիայի ԱԳՆ. այդ անգամ թուրքական կողմն իր վրդովմունքն էր հայտնել ԱՄՆ-ի կողմից Սիրիայի հյուսիսում կռվող քրդական ջոկատներին ցուցաբերված աջակցության համար:
Սիրիայի քրդերը, մասնավորապես, հայտնել էին, որ կարող են առանձին «հյուսիսային բանակ» ստեղծել Սիրիայում և որ ամերիկացի զինվորականները Սիրիայից չեն հեռանում հենց քրդերի պահանջով: