Ոռոգման ջրի խնդիր ունենք՝ անցյալ տարվա համեմատ շուրջ 70 մլն խմ-ով քիչ ջուր է կուտակվել ջրամբարներում. Սոնա Մարտիրոսյան
Ջրային տնտեսության պետական կոմիտեն մտահոգություն ունի՝ կապված ջրամբարների թերլցվածության հետ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը:
«Քանի որ ձմռանը տեղումներ չեն եղել, ձյուն չի եկել, ոռոգման ջրի կուտակման խնդիր այսօր արդեն ունենք: Անցյալ տարվա համեմատ այսօր շուրջ 70 մլն խմ քիչ ջուր է կուտակվել ջրամբարներում: Հույս ունենք, որ գարնան ամիսներն առատ կլինեն անձրևներով, և ջրի սակավությունը որոշ չափով կմեղմվի»,-ասաց նա:
Սոնա Մարտիրոսյանը նշեց, որ ամեն դեպքում այդ առումով որևէ կանխատեսում անել դեռ հնարավոր չէ, և ՋՏՊԿ-ն քայլեր է ձեռնարկում այլընտրանքային ճանապարհներով ջրի դեֆիցիտը մեղմելու համար:
«Խոսքը մասնավորապես մեխանիկական ջրարտադրության մասին է՝ պոմպերի և պոմպակայանների: Այս դեպքում էլ, բնականաբար, շատ կլինի էլեկտրաէներգիայի ծախսը, որը, որպես կանոն, սուբսիդավորվում է կառավարության կողմից: Այս պահին դեռ վաղ է խիստ վատատեսական գնահատականների համար: Հույս ունենք, որ հաջորդ 2-3 ամիսը անձրևներով առատ կլինի»,-ասաց նա: