6.5 մետր երկարություն և դասական դիզայն. Mercedes-Benz-ը ներկայացրել է նորացված Maybach-ը
Գերմանական Mercedes-Benz ընկերությունը ներկայացրել է ապրանքանիշի մոդելային շարքում ամենաերկար մեքենայի նորացված տարբերակը՝ Mercedes-Maybach Pullman-ը:
Ինչպես հայտնում է Motor.ru-ն, մեքենան համալրվել է ինտերիերի նոր գունային համադրություններով և ռադիատորի նույնպիսի վանդակաճաղերով, ինչպես և Mercedes-Maybach S-Class սեդանը, որը նախատեսված է հիշեցնելու դասական ոճի մասին:
6.5 մետր երկարությամբ լիմուզինը հասանելի կլինի ինտերիերի 3 գունային տարբերակով՝ մոխրագույն, շագանակագույն և բաց դարչնագույնի ու կապույտի համադրությամբ:
Սրահի՝ էլեկտրական միջնապատով առանձնացված հետին մասում կարող է 4 ուղևոր տեղավորվել: Լիմուզինը համալրված է մեքենայի դիմացի տեսախցիկին միացվող էկրանով և աուդիոհամակարգի գործառույթով, որը երկու երաժշտական գոտի է ստեղծում՝ թույլ տալով դիմացի և հետևի բաժնի ուղևորներին տարբեր երաժշտություն լսել:
Mercedes-Maybach Pullman-ը զինվել է 6 լիտր ծավալային V12 շարժիչով, որի հզորությունը կազմում է 630 ձիաուժ: 100 կմ/ժամ արագությունը մեքենան հաղթահարում է 6.5 վայրկյանում: