Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը հերթեր են նախագահական ընտրություններին մասնակցելու համար
![Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը հերթեր են նախագահական ընտրություններին մասնակցելու համար](https://gdb.rferl.org/BF8A73CA-3F19-4623-BFFC-1494EDA03D53_w800_h450.jpg)
Երևանում՝ Ռուսաստանի դեսպանատան, Գյումրիում՝ Ռուսաստանի հյուպատոսարանի առջև հերթեր են գոյացել Ռուսաստանի նախագահական ընտրություններին մասնակցելու համար: Մարդկանց անվճար տրանսպորտով տարբեր քաղաքներից տեղափոխում են ընտրատեղամասեր:
Ընտրությանը մասնակցում են նաև հայաստանցիներ, ովքեր Ռուսաստանի քաղաքացիություն ունեն: «Ազատությունը» նկարահանել է նաև մի զույգի, որը ընտրատեղամաս էր եկել իր պսակադրության օրը:
Երևանում ընտրատեղամասը գտնվում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը: Բացվելուց մեկ ժամ հետո արդեն դեսպանատան առջև հերթեր գոյացան: Քաղաքացիները ստիպված էին մոտ մեկ ժամ սպասել քվեարկելու համար:
Քվեաթերթիկների համար ծրարներ նախատեսված չէին: Երբ քաղաքացիներից ոմանք քվեաթերթիկը նետում էին թափանցիկ քվեատուփի մեջ, կարելի էր տեսնել, թե ում օգտին են նրանք քվեարկել:
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը «Ազատությանը» փոխանցեց, որ ժամը 15.00-ին դրությամբ արդեն քվեարկել էր շուրջ 3 հազար մարդ: