Ղազախստանում մեկնարկել են ՀԱՊԿ երկրների հակաահաբեկչական զորավարժությունները
Ղազախստանում տրվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արագ արձագանքման օպերատիվ ուժերի «Կոբալտ 2018» զորավարժությունների մեկնարկը, հայտնում է ria.ru-ն:
«ՀԱՊԿ պատասխանատվության գոտում և առհասարակ աշխարհում ռազմաքաղաքական իրադրությունը մեր պետությունների ղեկավարների կողմից գնահատվում է որպես լարված: Ուստի վերջին երկու տարում ՀԱՊԿ խորհրդի կողմից մի քանի որոշում է կայացվել՝ առկա մարտահրավերների ու սպառնալիքների հակազդմանն ուղղված ներուժի ամրապնդման վերաբերյալ»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը:
Վերջինը մանրամասնել է, որ անցկացվող զորավարժությունների նպատակներից մեկն է իրավապահ մարմինների հատուկ ստորաբաժանումների, ինչպես նաև հատուկ ծառայությունների կողմից նշանակված խնդիրների լուծման համար բարձր մարտունակության պահպանումը:
Հայտնի է, որ զորավարժությունները տևելու են երեք օր: Դրանց ամենաակտիվ փուլը տեղի կունենա մայիսի 22-ին:
Զորավարժություններին մասնակցում են Հայաստանի ոստիկանության ղեկավարության, Ռոսգվարդիայի, ՌԴ ներքին գործերի նախարարության, Ղազախստանի ազգային գվարդիայի, Ղրղզստանի ու Տաջիկստանի ներքին գործերի նախարարության ստորաբաժանումները:
Երեք օր շարունակ ավելի քան 700 հատուկջոկատային կիրականացնեն պայմանական ահաբեկիչների հայտնաբերման ու նրանց չեզոքացման գործողություններ:
Զորավարժություններին կմասնակցի ավելի քան 70 միավոր մարտական և հատուկ տեխնիկա, 5 միավոր ավիացիոն տեխնիկա, ավելի քան 500 միավոր հրաձգային ու հրետանային զենք, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր: