«Վստահ եմ՝ նրանք կզանգահարեն ու նոր գործարք կառաջարկեն». Թրամփը՝ Իրանի մասին
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ավարտից հետո մամուլի ասուլիս է տվել, որի ժամանակ խոսել է մի շարք կարևոր հարցերի՝ այդ թվում Իրանի մասին:
Ինչպես նշում է The Guardian-ը, ԱՄՆ ղեկավարը վստահություն է հայտնել առ այն, որ հիմա իրանցիները Միացյալ Նահանգներին ավելի մեծ հարգանքով են վերաբերվում:
«Վստահ եմ, որ կգա մի օր, երբ նրանք կզանգահարեն ու նոր գործարք կառաջարկեն: Բայց հիմա նրանք մեծ ցավ են ապրում»,- հայտարարել է Թրամփը:
Իր խոսքի վերջում ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ամբողջ աշխարհին խաղաղություն է ցանկանում:
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա մայիսին ԱՄՆ նախագահը հայտարարել էր Իրանի ու «միջնորդ վեցյակի» միջև կնքված պատմական միջուկային համաձայնագրից Վաշինգտոնի դուրս գալու մասին:
Նա ընդգծել է, որ Բարաք Օբամայի օրոք կնքված համաձայնագիրը սարսափելի է, չի բխում ԱՄՆ-ի շահերից ու Իրանի համար բազմաթիվ սողանցքներ է թողնում վիճահարույց հրթիռային ծրագրի զարգացման համար:
Մինչդեռ «միջնորդ վեցյակի» մյուս անդամները կողմ են համաձայնագրի պահպանմանը: