Լեհական հեռուստաալիքն աշխատանքից հեռացրել է աշխատակիցներից մեկին՝ Թրամփի և Դուդայի համատեղ լուսանկարը հրապարակելու համար
Լեհական Belsat հեռուստաալիքն աշխատանքից հեռացրել է սոցիալական ցանցերի գծով մենեջեր Իվան Շիլոյին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի համատեղ լուսանկարը հրապարակելու համար, հաղորդում է «Европейская правда»-ն:
Նշվում է, որ Շիլոն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է նախագահների՝ Սպիտակ տանը կայացած հանդիպման լուսանկարը՝ գրելով. «Ձախ կողմում՝ Լեհաստանի նախագահը»: Լուսանկարի հրապարակման հաջորդ օրը Շիլոն իր էջում հայտնել է աշխատանքից հեռացվելու մասին: Նրա խոսքով՝ նման որոշման պատճառներն իրեն չեն հայտնել:
Շիլոյի հրապարակած լուսանկարն ավելի վաղ արդեն դարձել էր քննադատության ու ծաղրի առարկա: Բանն այն է, որ այն արվել է ռազմավարական համագործակցության համաձայնագրի կնքման պահին, սակայն եթե Թրամփն այն ստորագրում է իր աշխատասեղանի մոտ նստած, ապա Դուդան՝ կանգնած և մի փոքր կռացած: Արդյունքում՝ Լեհաստանի նախագահին մեղադրել են այն բանի համար, որ նա թույլ է տվել ստորացնել իրեն ու երկիրը: Ընդ որում՝ մարդիկ որպես օրինակ նշում են Թրամփի և Կիմ Չեն Ընի միջև հուշագրի ստորագրման արարողությունը, որի ժամանակ նստած էր ինչպես ԱՄՆ նախագահը, այնպես էլ Հյուսիսային Կորեայի առաջնորդը:
Ավելի ուշ հեռուստաալիքի տնօրեն Ագնեշկա Ռոմաշևսկայա-Գուզին հայտնել է, որ աշխատանքից ազատման հրամանը պայմանավորված է եղել նախագահի հասցեին արված կատակով: Նրա խոսքով՝ ռազմավարական համագործակցության համաձայնագիրը շատ մեծ նշանակություն ունի Լեհաստանի անվտանգության համար և դա այն քիչ թեմաներից է, որը չի կարող դառնալ իրենց աշխատակիցների համար կատակի առարկա: