Գազ չկա, փայտ չկա, ինչպե՞ս ենք ջեռուցման խնդիրը լուծելու. բնակիչների ահազանգին «Հայանտառն» արձագանքում է՝ վառելափայտով ապահովելը մեր խնդիրը չէ
Ձմռան նախաշեմին մի շարք գյուղեր, հատկապես չգազիֆիկացված, ջեռուցման լուրջ խնդրի առջև են կանգնել: Անտառից վառելափայտ դուրս բերելու արգելքին զուգահեռ կառավարությունը որևէ այլընտրանքային վառելիք բնակչությանը չի առաջարկում:
«Դա միայն մեր խնդիրը չէ, հանրապետությունում բավական շատ գյուղեր ու թաղամասեր կան, որ գազիֆիկացված չեն, հիմա էլ բնակիչները փաստի առաջ են կանգնել ջեռուցման խնդիրը լուծելու համար: Էլեկտրաէներգիայով հնարավոր չէ տունը ջեռուցել, քանի որ հյուսիսային շրջան է, և բավական ցուրտ են ձմեռներն այստեղ, հիմա չգիտենք ինչ անել, գազ չկա, փայտ չկա»,- Tert.am-ի հետ զրույցում դժգոհեց Ճամբարակ համայնքի բնակիչներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ:
Բնակիչը նշեց, որ եթե նույնիսկ դժվարությամբ հաջողվում է վառելափայտ հայթայթել, ապա այնպիսի գներ են առաջարկում, որ իրենց գրպանի համար չափազանց թանկ է:
«Եթե նախկինում մեկ խորանարդ մետր փայտը գնում էինք 10.000-14.000 դրամով, հիմա 24 000 դրամով նույնիսկ դժվար է փայտ գտնելը, դա էլ չկա, հիմնական փայտ բերողները հիմա չեն բերում, որովհետև մեծ տուգանքներ են ստացել»,-ասաց նա և նշեց, որ միայն «պոստերի» համար են անտառից փայտի մեքենաներ դուրս գալիս:
Խնդրի առնչությամբ ԲՆ անտառային կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Սամվել Սահակյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի խնդիրը բնակչությանը վառելափայտով ապահովելը չէ: «Դրա համար ուրիշ մարմիններ կան, «Հայանտառի» խնդիրը՝ անտառների պահպանություն, պաշտպանություն, վերականգնում և օգտագործումն է: «Հայանտառը» վաճառում է այնքան փայտ, ինչքան որ անտառային տնտեսությունը թույլ է տալիս: Այսինքն՝ որևէ մեկն իր առաջ նման խնդիր չի դրել, որ ՀՀ-ի ազգաբնակչությանն ինքը պարտավոր է ապահովել վառելափայտով: Բնակչության պահանջարկն այսօր 10 անգամ ավելի շատ է, քան կարող է անտառային տնտեսությունն իրեն թույլ տալ հատել, իսկ դա նշանակում է 10-ից 9 մարդ այդ փայտանյութից չի կարող օգտվել, որովհետև չկա, եթե այդպես անեն, և նպատակ դրվի ազգաբնակչությանն ապահովել վառելափայտով, ուրեմն պետք է 10 տարի հետ ՀՀ-ում որևէ անտառ չմնա»,-ասաց նա:
Սամվել Սահակյանը նշեց, որ խնդիրն այն է, որ նախկինում շուկայում շատ է եղել նաև գողացված փայտանյութը, այդ էժան փայտանյութը գողացված, ապօրինի հատված փայտանյութ է եղել: «Հիմա նրանց մեծ մասին տանում և պատասխանատվության են ենթարկում: Երբ որ գրում եք՝ այսքան միլիոնի վնաս, այն պատճառով է, որ գողացված փայտը տարել, էժան վաճառել են և դրա համար պատասխան են տալու»,-ասաց նա:
Իսկ թե թափուկներն ինչքանո՞վ են վաճառում, Սամվել Սահակյանն ասաց, որ գոյություն ունի երեք գին՝ հատատեղում, երբ գնորդը գնում և այնտեղից է առնում, կա գին ներքևի պահեստում և վերևի պահեստում:
«Այսինքն՝ երեք գին գոյություն ունի, ամենաթանկը ներքևի պահեստում է, մեկ խորանարդ մետր վառելափայտը 21 600 դրամ է՝ ներառյալ ԱԱՀ-ն: Դա անտառտնտեսությունում է, բայց երբ այդտեղից մարդն առնի և բերի հասցնի Երևան կամ այլ շրջան, տրանսպորտային ծախսերը գումարվի, բնականաբար գինը բարձրանալու է»,-ասաց նա և հավելեց, որ եթե քաղաքում դրանից էժան փայտ եղավ, ուրեմն՝ գողացված է:
Ի դեպ, Սամվել Սահակյանն ասաց, որ ի տարբերություն անտառամերձ համայնքների, որոնք հստակ ցուցակ ունեն, այլ համայնքները հնարավորություն չունեն օգտվելու 8 խմ անվճար թափուկից:
«Անտառամերձ համայնքների ցանկը տրված է, համայնքի բնակիչը դիմում է, գրանցում են, թուղթ են տալիս, որ ինքը 8 խմ թափուկ, այսինքն՝ չորացված փայտ հավաքի բերի: Օրինակ՝ Սևանի ափին ապրող բնակիչը երբ որ ձուկ է բռնում, այդ ձուկը չի տանում չէ՞ անտառամերձ համայնքին ձրի տալիս»,-եզրափակեց նա: