Զիդանը ցանկանում է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»
Մադրիդի «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ցանկանում է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»: Այս մասին հաղորդում է «The Sun»-ը:
«Կարմիր սատանաների» ներկայիս գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն տարաձայնություններ ունի թիմի առաջատարներից Պոլ Պոգբայի հետ: Բրիտանական լրատվամիջոցների հաղորդմամբ, «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունն այդ կոնֆլիկտում ավելի շատ աջակցում է Մոուրինյուին, սակայն բացառված չէ նրան աշխատանքից հեռացնելու տարբերակը:
«The Sun»-ը գրում է, որ Զիդանն արդեն սկսել է անգլերենի խորացված ուսուցումը, որպեսզի անհրաժեշտ պահին պատրաստ լինի ընդունելու «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկը:
Ավելի վաղ շրջանառվող լուրերի համաձայն, «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը Ժոզե Մոուրինյուին աշխատանքից ազատելու դեպքում երկու մարզչի թեկնածություն է դիտարկելու՝ առաջինը Զինեդին Զիդանն է, իսկ երկրորդը «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն:
Հավելենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդն» ունի 10 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը: