Իտալիայում մեքենան կանգնեցնելու շուրջ ծագած վիճաբանության ժամանակ տղամարդը կրակել է հարևաններին
Իտալիայի հարավային շրջաններից մեկում տան բակում մեքենան կանգնեցնելու պատճառով ծագած հերթական վեճն ավարտվել է եռակի սպանությամբ:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով տեղի կարաբիներներին, Լեչե նահանգի 56-ամյա բնակիչը ձերբակալվել է շաբաթ գիշեր: Վերջինս կրակել է իր հարևաններից երեքին, որոնք, իր կարծիքով, մշտապես կանգնեցնում էին իրենց մեքենաներն իր տան տակ:
Նրանց միջև վեճերն սկսվել էին ավելի վաղ, սակայն երբեք լուրջ հակամարտության չէին վերածվել և ոստիկանության միջամտության համար պատճառ չէին հանդիսացել:
Ուրբաթ երեկոյան հերթական վիճաբանությունից հետո Ռոբերտո Պապադան փողոցում կրակել է 36-ամյա Անդրեա Մարտիին, այնուհետև սպասելով նրա հարազատների ժամանելուն՝ կրակ է բացել նաև նրանց ուղղությամբ՝ սպանելով նրա հորը, հորաքրոջը և ծանր վիրավորելով մորը: Նա առնվազն 15 օր կանցկացնի հիվանդանոցում: