ՀՀ ԱԳ նախարարը և ՆՀՀ Մակեդոնիայի ԱԳ պետքարտուղարը պատրաստակամություն են հայտնել փոխգործակցությունն առավել խորացնել
Հոկտեմբերի 9-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 35-րդ նախարարական համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Նախկին Հարավսլավական Հանրապետություն Մակեդոնիայի արտաքին գործերի պետքարտուղար Վիկտոր Դիմովսկիի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները պատրաստակամություն հայտնեցին համատեղ ջանքեր գործադրել երկու երկրների միջև օրակարգը հարստացնելու և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բնագավառներում փոխգործակցությունն առավել խորացնելու ուղղությամբ:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին ՖՄԿ նախարարական համաժողովի և 17-րդ գագաթաժողովի կազմակերպչական և օրակարգային հարցերի շուրջ: Այդ համատեքստում պետքարտուղար Դիմովկսին գոհունակություն հայտնեց միջոցառումների կազմակերպվածության բարձր մակարդակի առնչությամբ: Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կարևորեցին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը՝ որպես բազմակողմ և երկկողմ ձևաչափերով կապերի առավել զարգացման արդյունավետ հարթակ:
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը զրուցակցին ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները՝ անդրադառնալով նոր կառավարության ծրագրի առաջնահերթություններին և ժողովրդի լայն մանդատի հիման վրա իրականացվող բարեփոխումների գործընթացին:
Զոհրաբ Մնացականյանը և Վիկտոր Դիմովսկին մտքեր փոխանակեցին կովկասյան և բալկանյան տարածաշրջաններում տեղի ունեցող զարգացումների, առկա խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ: