Քիմ Քարդաշյանը պարգևատրվել է ոսկրածուծի փոխպատվաստման կարիք ունեցողներին ցուցաբերած աջակցության համար (լուսանկարներ)
Ամերիկահայ հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը մասնակցել է ոսկրածուծի դոնորների Gift Of Life հանրային ռեեստրի գալա երեկոյին, որի ժամանակ պարգևատրվել է մի շարք հիվանդների փրկության գործում ցուցաբերած աջակցության համար:
Ինչպես նշում է Daily Mail-ը, երեք երեխաների մայրը շլացուցիչ տեսք է ունեցել միջոցառմանը: Քարդաշյանը նախընտրել է ներկայանալ երկարափեշ էլեգանտ զգեստով:
Գալա երեկոն անցկացվել է Բևեռլի Հիլզի SLS հյուրանոցում, որտեղ էլ աստղային հայուհուն շնորհվել է Impact Award մրցանակը:
Աղբյուրը մանրամասնում է, որ 2016թ. Քարդաշյանը փորձել է ոսկրածուծի դոնոր գտնել երիտասարդ Ադամ Քրիֆի համար, որի մոտ ախտորոշվել էր արյան քաղցկեղի ագրեսիվ տեսակ, և նա ոսկրածուծի փոխպատվաստման կարիք ուներ:
Նշվում է, որ ոսկրածուծի դոնորների ռեեստրում գրանցված 20 մլն մարդու մեջ դոնոր չգտնելուց հետո Քրիֆի պատմությանն արձագանքել է Քարդաշյանը, որն իր թվիթերյան 60 մլն հետևորդներին կոչ է արել օգնել երիտասարդին:
Եվ թեկուզ Քրիֆի համար դոնոր այդպես էլ չի գտնվել ու նա մահացել է, այնուհանդերձ՝ այս պատմությանը Քարդաշյանի ներգրավվածությունը ոգեշնչել է մոտ 10.000 մարդու միանալ Gift Of Life ռեեստրին: Դրա շնորհիվ գրանցվել է դոնոր-ստացող համընկնման 4 դեպք, ինչպես նաև տեղի է ունեցել մեկ փոխպատվաստում:
Հատկանշական է, որ Քարդաշյանին մրցանակը շնորհել է Քրիֆի այրին: Նշվում է նաև, որ հեռուստաաստղը հանդիպել է այն հիվանդներին, որոնք իր օգնությամբ դոնոր են գտել: