Վերջին 10 տարիներին ՀՀ-ում ֆիզիկական անձանց խնայողություններն աճել են տարեկան միջինը 19 %–ով. ԿԲ խորհրդի անդամ
Խնայողության մշակույթը կարևոր է ինչպես կյանքի տարբեր ոլորտներում, այնպես էլ ֆինանսական ասպարեզում: Խնայողությունների միջազգային օրվան նվիրված միջոցառմանն իր ելույթն այսպես սկսեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը:
«Հասկանալի է, որ մեր օրերում խնայելն ու տնտեսելը անհրաժեշտ որակներ են, որպեսզի հնարավոր լինի հաղթահարել կամ համահարթեցնել կյանքի այն դժվար իրավիճակները, որոնք ուղեկցում են մարդուն իր ամբողջ կենսագործունեության ընթացքում, ինչպիսիք են ուսումը, ամուսնությունը, տան ձեռքբերումը և ի վերջո բարեկեցիկ ծերությունը»,- ասաց նա:
Ըստ Արմենակ Դարբինյանի՝ խնայողությունների պահպանման կարևոր միջոց են համարվում ավանդները: «Վերջին տասը տարիների ընթացքում ֆիզիկական անձանց խնայողություններն աճել են տարեկան միջինը 19 տոկոսով՝ տարբեր ավանդատեսակների գծով, այդ թվում՝ ներառած պարտատոմսերը,- ասաց նա՝ նշելով, որ դա պայմանավորված է բանկային համակարգի կայունությամբ և բանկային համակարգի նկատմամբ բնակչության վստահության շնորհիվ,- դա պայմանավորված է նաև Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի առկայությամբ, քանի որ այն նվազագույնի է հասցնում ավանդատուների ռիսկերը»:
Արմենակ Դարբինյանի խոսքով՝ Կենտրոնական բանկն էլ իր հերթին շարունակելու է իր քաղաքականությամբ ապահովել ֆինանսական համակարգի կայունությունը և քաղաքացիների ներդրումների բարձր հուսալիությունը:
«Բայց պետք է նշեմ, որ մենք դեռ անելիքներ ունենք այս ասպարեզում, քանի որ բնակչության մի մասը դեռևս շարունակում է իր հնարավորությունները պահել տանը»,– ընդգծեց ԿԲ խորհրդի անդամը։
Կենտրոնական բանկն այս խնդիրները լուծելու ուղղությամբ, ըստ Արմեն Դարբինյանի, աշխատանքներ տանում է. արդեն տասը տարուց ավելի ԿԲ-ը կազմակերպում է ֆինանսական կրթման և իրազեկման դասընթացներ , այդ թվում՝ խնայողությունների պահպանման թեմայով միջոցառումներ: