Նիկոլ Փաշինյանի հրավիրած համաերևանյան երթը՝ ուղիղ (թարմացվող)
10: 46
Այսօրվա մեր երթը յուրատեսակ ամփոփումն է այն քայլարշավի, որ մենք իրար հետ սկսեցինք մարտի 31-ին Գյումրիի Վարդանանց հրապարակից, որը պսակվեց ՀՀ-ում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխությամբ:
Այս մասին համաերևանյան երթի ժամանակ, դիմելով քաղաքացիներին, ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ ըստ էության երկու օրից քաղաքական փուլն ամփոփվում է, և կարող են ասել, որ շարժման հարթակը կատարել է իր ստանձնած բոլոր պարտավորությունները: Ըստ նրա՝ խոստացել էին, որ ժողովրդի կամքը կդառնա քաղաքական գործոն, և այդպես էլ եղավ:
«Մենք ձեզ խոստացանք, որ ՀՀ-ում արմատախիլ կարվի ընտրությունների կեղծման, ընտրակաշառքներ բաժանելու, մարդկանց ճնշումների ենթարկելու պրակտիկան և ՏԻՄ ընտրությունների, Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով այդ պարտավորությունը լիարժեք կատարված է: Մենք ձեզ խոստացել էինք՝ ՀՀ-ում արմատախիլ կարվեն մենաշնորհները, և հիմա այսօր ՀՀ ոչ մի շուկայում չկա մուտքի որևէ խոչընդոտ, այդ պարտավորությունը լիարժեք կատարված է»,-շեշտեց նա:
Նիկոլ Փաշինյանը նաև ասաց, որ կատարել են կոռուպցիայի դեմ անզիջում պայքար մղելու պարտավորությունը: Նա ընդգծեց՝ մարդկանց մանդատը ստանալու պարագայում իրենց կառավարությունը այդ պարտավորությունը կշարունակի լիարժեք կատարել, ապա ընդգծեց, որ խոստացել էին, որ ՀՀ-ում չեն լինելու արտոնյալներ, բոլորը հավասար են լինելու օրենքի առաջ, և այդ պարտավորությունն էլ են կատարել:
Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց նաև, որ խոստացել էին ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնել և կատարել են: «ՀՀ-ում իշխանությունը լիարժեք վերադարձված է քաղաքացուն, ժողովրդին, և առաջիկա ընտրություններում չկա որևէ այլ ուժ, պարզապես գոյություն չունի, բացի ժողովրդից, ով իրավունք ունի և հնարավորություն ունի որոշելու, թե ով լինի պատգամավոր, ով լինի վարչապետ, ով լինի իշխանություն»,-ընդգծեց նա:
Վերջինս նաև հայտարարեց, որ վերջին տասնամյակների ընթացքում 2018 թվականն առաջին անգամ արտագաղթի փոխարեն կամփոփվի ներգաղթի ցուցանիշով: «Բոլոր մասնագետներն ասում են, և այս պահի տվյալներն էլ ցույց են տալիս, որ վերջին տասնամյակում առաջին անգամ մենք 2018 թվականը կամփոփենք ոչ թե արտագաղթով, այլ ներգաղթով: Սա առաջին անգամն է վերջին 15-20, գուցե 30 տարում: Հայ ժողովուրդն ազատ, հզոր և երջանիկ ապրելու է իր հայրենիքում»,- նշեց Փաշինյանը:
9:59
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը համաերևանյան երթ է անցկացնում: Երթը սկսվում է Նոր-Նորքի 6-րդ զանգվածից:
«Շարժվում ենք ռազմական ինստիտուտի հետևակի մարտական մեքենայի՝ ուղիղ դիմացի մայթից: Դուխով»,-ֆեյսբուքյան իր էջում նախապես գրել էր Նիկոլ Փաշինյանը:
Երթուղին հետևյալն է.
Նոյեմբերի 24-ին` ժամը 10.00-22.00 Նոր Նորքի 6-րդ զանգվածից՝ Դավիթ Բեկի 286 – Գայի պողոտա – Ռուբինյանց փողոց – Դավիթ Անհաղթի փողոց – Կոմիտասի պողոտա – Վ. Վաղարշյան փողոց – Դավթաշենի կամուրջ – Եղվարդի խճուղի – Լենինգրադյան փողոց – Սեբաստիայի փողոց – Րաֆֆու փողոց – Բագրատունյաց պողոտա – Արշակունյաց պողոտա – Քրիստափորի փողոց – Տ. Մեծի պողոտա – Հանրապետության հրապարակ: