Քաղաքական 9 ուժեր քննադատում են Նիկոլ Փաշինյանին, որ առանձնանան, բայց նրանց մոտ դա չի հաջողվում. միակ արմատական ընդդիմությունը ՀՀԿ-ն է. սոցիոլոգ
Խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավը սկսվեց շատ դանդաղ: Հիմա այն բավական ակտիվ է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց սոցիոլոգ Գևորգ Պողոսյանը:
«Քարոզարշավը սուր շրջան է մտել: Ցայտուն ընդգծվում է Նիկոլ Փաշինյանի թիմի և ՀՀԿ հակամարտությունը: Քանի որ ՀՀԿ-ն է արմատական ընդդիմությունը, Նիկոլ Փաշինյանի հետ հիմնական վեճը ծավալվում է ՀՀԿ-ի հետ: Բայց ես հիմա տեսնում եմ, որ բացվում է երկրորդ ֆրոնտ: Դրանք մնացած 9 կուսակցություններն ենք, որոնք դեմ չեն Փաշինյանին, բայց սպիպված են քննադատել, որ երևան, ընդգծեն իրենց»,- մանրամասնեց Գևորգ Պողոսյանը:
Նա նշեց, որ 9 կուսակցությունները քննադատում են Փաշինյանին, որ ընտրողի մոտ տպավորություն չստեղծվի, թե «կարող էին միանալ»:
«Գաղափարական տարաձայնություններ այդ ուժերը Նիկոլ Փաշինյանի թիմի հետ չունեն: Կարծում եմ, որ ընտրողի տեսանկյունից նրանց մոտ չի ստացվում քննադատել Փաշինյանին: Մարդիկ պարզ են մտածում, չեն ընկալում այդ ուժերին որպես ընդդիմություն: Միակ արմատական ընդդիմությունը մարդկանց համար ՀՀԿ-ն է, դրա համար ծավալվում է Փաշինյան-ՀՀԿ բանավեճ»,- նշեց սոցիոլոգը:
Գևորգ Պողոսյանն ասաց, որ իր կարծիքով՝ հաջորդ խորհրդարանում կտեսնենք 3 կամ 4 ուժ, դրանք են՝ «Իմ քայլը», ԲՀԿ, «Լուսավոր Հայաստան» և հնարավոր է նաև ՀՀԿ: «Եթե ՀՀԿ-ն չանցնի, մենք իշխանությանը կունենանք այլընտրանք, ոչ թե ընդդիմություն»,- հավելեց սոցիոլոգը: