«Չինաստանի զարգացումն այլ երկրների համար վտանգ չի ներկայացնում». Սի Ձինփին
Չինաստանի ղեկավար Սի Ձինփինը բարեփոխումների և բացության քաղաքականության վարման 40-ամյակի կապակցությամբ ունեցած ելույթում հայտարարել է, որ Չինաստանը հանուն սեփական զարգացման երբեք չի գործի ի վնաս այլ պետությունների: Բացի այդ, ղեկավարը վստահեցրել է, որ իր երկիրը որևէ այլ պետության համար վտանգ չի ներկայացնում, գրում է ria.ru-ն:
«Մեր ճանապարհին մենք պետք է բարձր պահենք խաղաղության, զարգացման, համագործակցության և փոխադարձ շահի դրոշը, պահպանենք արտաքին քաղաքականության հիմնական ձգտումները` ապահովելու համաշխարհային խաղաղությունը, համընդհանուր զարգացման խթանումը: Մենք պետք է նպաստենք փոխադարձ հարգանքի, երկուստեք շահի և արդարության վրա հիմնված միջազգային հարաբերությունների նոր մոդելի ձևավորման»,- ասել է Ձինփինը:
Ղեկավարը կարևորել է բոլոր երկրների՝ իրենց զարգացման ճանապարհն ընտրելու իրավունքի նկատմամբ հարգանքը, ինչպես նաև քննադատել է այլ երկրներին իրենց կամքը թելադրելու և դրանց ներքին գործերին միջամտելու երևույթը:
Հիշեցնենք, որ այսօր Չինաստանում նշում են բարեփոխումների և բացության քաղաքականության 40-ամյակը: Դրա շնորհիվ Չինաստանին համեմատաբար կարճ ժամանակահատվածում հաջողվել է աղքատ, գյուղատնտեսական երկրից վերածվել աշխարհի երկրորդ խոշորագույն տնտեսության:
Առավոտյան Պեկինում Ժողովրդական ժողովի պալատում տեղի է ունեցել վերջին 40 տարվա ընթացքում Չինաստանի ձեռքբերումներն ամփոփող պաշտոնական միջոցառում: