Կինեմատոգրաֆիստների միությունը կստեղծի մշակութային կենտրոն, նախագծին կառավարությունը հավանություն է տվել և խոստացել աջակցել. Հարություն Խաչատրյան
Կինեմատոգրաֆիստների միությունը նախկին Կինոյի տան շենքում կստեղծի մշակութային կենտրոն: Այսօր հրավիրված ասուլիսին միության նախագահ Հարություն Խաչատրյանը նշեց, որ Կառավարությունը ծրագրին հավանություն է տվել, իսկ միությունն արդեն իսկ մեծ ներդրում է արել՝ տրամադրելով շենքը, որը գնահատվել է 2 մլն դոլար:
«Այն չի լինելու միության սեփականությունը միայն, առաջարկում ենք համատեղ օգտագործման համար, որ լինի առաջին լուրջ միջազգային մակարդակի մշակութային կենտրոնը: Այն կլինի նաև մայրաքաղաքի և Մշակույթի նախարարության համատեղ կենտրոնը, որը կծառայի ամբողջ երկրին՝ տուրիզմին, դպրոցին, բարձրագույն կրթությանը, հետաքրքիր կենտրոն է դառնալու»,-ասաց նա:
Հարություն Խաչատրյանը նշեց, որ անցած տարի դիմել են կառավարությանը, վարչապետին և դրական արձագանք ստացել: Ծրագրով ոգևորված է եղել քաղաքաշինարարության վարչությունը, նաև ծրագիրը նախագահին են ներկայացրել, ով «ճաշակով նախագիծ» է որակել:
«Բոլորը ոգևորված կարծում են, որ դա մեծ օգուտ ու անուն է հանելու միջազգային ասպարեզներում, արդեն պայմանագրեր են կնքել տարբեր երկրների հետ, որ օգնեն ժամանակից ոճով սինեմաթեք ունենանք»,-ասաց նա:
Բացի շենքից, ըստ Խաչատրյանի՝ բավական աշխատանքներ են իրականացնել շենքի ներքին վերանորոգման համար, մի քանի ամիս առաջ Գերմանիայից մասնագետների են հրավիրել, որոնք ասել են, թե նման ռետրո դահլիճներ Եվրոպայում 5-6 հատ են մնացել, որոնք աչքի լույսի պես պահում են:
«Մեզ անհրաժեշտ է, որ մշակութային կենտրոնը և դահլիճն ապահովենք ժամանակակից տեխնիկայով, օդափոխությամբ, անհրաժեշտ է 480 մլն դրամի չափ գումար, որը հաշվարկել են շինարարները: Հայտարարեցինք նաև շինարարական ընկերությունների համար մրցույթ, նաև նախագիծ ենք մշակել, բյուջեն հաստատել և հիմա քննարկման փուլում ենք»,-ասաց նա:
Ըստ միության նախագահի՝ նոր իշխանություններն ի պատասխան իրենց նամակի՝ ասել են, որ գնահատում են նախագիծը և օգնելու են ստեղծել սինեմաթեքը, նախ 2019 թ. արտաբյուջետային ֆոնդից հատկացումներ կանեն ծրագրին, ապա 20-21 թթ. կներառեն նաև ֆինանսավորման ծրագրում:
Նա հույս հայտնեց, որ մեկ-երկու ամսից արդեն աշխատանքները կսկսեն: «Չեմ կարծում, որ անցած տարվա դրական կարծիքը փոխեն, փոշմանեն»,-ասաց նա:
Միության նախագահը նշեց, որ հատկացված տարածքը 3 հարկ է ներառում, Խանջյան և Վարդանանց փողոցներից մուտք կունենա, և կինոյի և արվեստի ժառանգությունը կտեղավորվի այդտեղ՝ ժամանակից լուրջ տեխնոլոգիաներով հագեցած: