Սպորտն ու քաղաքականությունն ընդհանրապես պետք է իրար հետ չկապվեն. հայ շախմատիստուհին՝ Թուրքիայում կայանալիք միջազգային մրցաշարից իրեն հեռացնելու մասին
Ադրբեջանցի մասնակիցների պահանջով շախմատի Հայաստանի եռակի չեմպիոն, Հայաստանի կանանց հավաքականի անդամ Մարիա Գևորգյանին խնդրել են հրաժարվել Թուրքիայում անցկացվելիք միջազգային մրցաշարից: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց շախմատիստուհի Մարիա Գևորգյանը:
ՖԻԵԴ-ի միջազգային վարպետը պատմեց, որ Sivas Buruciye Сhess Open 2019-ի կազմակերպիչ Մուսթաֆա Էրոգլունից ստացել է նամակ հետևյալ բովանդակությամբ․ ադրբեջանցիները խնդրանք են ներկայացրել առ այն, որ եթե հայ շախմատիստ խաղա, իրենք չեն մասնակցի մրցաշարին: Գևորգյանի խոսքով՝ նախկինում նման դեպքեր չեն եղել:
«2018 թ.-ին միայն բոյկոտել ենք Բաքվում խաղալու համար, սակայն այլ չեզոք երկներում իմ կամ գործընկերներիս հետ որևէ դեպք չի եղել: Կարծում եմ՝ սպորտն ու քաղաքականությունն ընդհանրապես պետք է իրար հետ չկապվեն, քանի որ մենք՝ ամեն մեկս մեր գործն ենք անում: Անցած տարի մենք և՛ ադրբեջանցիների հետ ենք խաղացել, և՛ թուրքերի: Միայն մեր երկրները չեն, որ խնդիրներ ունեն, այլ երկրներ էլ կան, որ միմյանց հետ հաշտ չեն, բայց համերաշխ խաղում են»,- ասաց նա:
Թուրքիայի նման պահվածքը Մարիա Գևորգյանի համար անընդունելի է: Նա շեշտեց, որ տարբեր ազգությունների հետ խաղացել է, միշտ հարգանքով է վերաբերվել իր յուրաքանչյուր մրցակցին՝ առանց որևէ կարևորություն տալու, թե ինչ ազգության է պատկանում դիմացինը:
«Անընդունելի երևույթ է: Երբ նամակն ստացա, ոչ թե ինձ համար վատ զգացի, այլ վիրավորվեցի ՀՀ-ի, շախմատի համար, ինչու չէ՝ նաև այն բանի համար, որ խախտվել է արդարության սկզբունքը: Կարող էին ասել, որ ֆինանսական խնդիր է, իրենք չեն կարող ապահովել և այլն, և ես բացարձակ վատ չէի զգա»,- շարունակեց Մարիա Գևորգյանը:
ՖԻԴԵ-ի միջազգային վարպետի խոսքով՝ այս ընթացքում ինքն աջակցություն է ստացել այլազգի մարզիկներից, այդ թվում՝ ազգությամբ թուրքերից:
«Արձագանքներ եղել են այս երկու օրվա ընթացքում, ազգությամբ թուրք շախմատիստներից ներողության նամակ ստացա: Ադրբեջացիների կողմից նամակ չի եղել, բայց ստացել եմ մեկնաբանության տեսքով, որ ադրբեջանական կողմը կապ չունի և իրենք էլ հույս ունեն, որ մեղավորները կպատժվեն»,- ընդգծեց շախմատիստուհին:
Մարիա Գևորգյանը հավելեց, որ, անկախ ամենից, ինքը մարզիկ է, և Թուրքիայից այլ հրավերներ ստանալու դեպքում բացասական արձագանք չի տա: