Իշխանությունն այսօր համարժեք չէ տարածաշրջանային սպառնալիքներին և մարտահրավերներին. Միքայել Հայրապետյան (տեսանյութ)
Սև-սպիտակ, հեղափոխական-հակահեղափոխական բաժանումը ձեռնտու է և՛ իշխանությանը, և՛ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի կողմնակիցներին, այդկերպ իշխանությունը չեզոքացնում է իրական արժեքային ընդդիմության հայտ ներկայացնող ուժերին:
«Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը:
«Նախկին և ներկա իշխանությունների շրջապտույտի փակ շղթան ճեղքելու համար հանրային գիտակցության արթնացում է պետք, որն աստիճանաբար տեղի է ունենում: Առայժմ հանրային գիտակցությունը զոմբիացված վիճակում է»,- ասել է քաղաքական գործիչը:
Ըստ Հայրապետյանի՝ եթե ոչ իշխանական ուժերի կողմից օրակարգ չթելադրվի, քաղաքական դաշտը չկայանա, գործընթացը կարող են ղեկավարել դրսից, ընդ որում՝ ամենաողբերգական միջոցներով, օրինակ՝ սպանություններով, ինչպիսիք վերջին շրջանում եղել են. «Մենք պարտավոր ենք աչալուրջ, սթափ, զգաստ լինել արտաքին մարտահրավերների դեմ: Մենք հիմա շատ փոթորկուն իրավիճակում ենք ապրում, և չարժե կրկնել ուղիղ հարյուր տարի առաջվա՝ 1920թ. պետականության կորստի սխալը»:
Քաղաքական գործչի կարծիքով՝ արտաքին քաղաքականությունում իշխանությունն իրեն արժանապատվորեն չի պահում. «Հոխորտալ սեփական քաղաքացիների վրա պետք չէ, եթե կա հոխորտալու արիությունը, դա պետք է դրսի դեմ կիրառել: Իշխանությունն այսօր համարժեք չէ տարածաշրջանային սպառնալիքներին և մարտահրավերներին»:
Միքայել Հայրապետյանի պնդմամբ՝ ներքին քաղաքականության մեջ մի քանի կարևոր արժեքներ, օրինակ՝ հավասարության սկզբունքը, իշխանության կողմից չեն գործադրվում. «Երբեմնի հպարտ քաղաքացին դարձյալ սկսում է իրեն անիրավված ու խաբված զգալ: Սարդարապատում հաղթած հերոսները երկու տարի անց պետություն կորցրին, քանի որ այդ երկու տարին մսխել էին թալանի վրա: Մենք այդ շքեղությունը, պատմության ողբերգությունը չենք կարող մեզ դարձյալ թույլ տալ»:
Քաղաքական գործչի կարծիքով՝ հեղափոխական մեթոդը պետության կառուցման համար կիրառելի չէ, պետք է հինը քանդել՝ այլընտրանքային նորը կառուցելուն զուգահեռ:
«Առաջիկայում ամեն ինչ դառնալու է ծաղրի առարկա, այսպիսի թերուսությամբ, չիմացությամբ, տգիտությամբ չի կարելի շարունակել: Նախորդ համակարգն իր լճացմամբ տանում էր մահվան, իսկ հիմա մենք հեղափոխական մահվան ենք գնում, որը շատ ավելի արագ և տեսանելի է լինելու»,- ասել է Հայրապետյանը՝ հավելելով. «Այսօրվա իրավիճակը նման է դրսից կառավարվող քաոսի, բայց մեզ մոտ նույնիսկ եղած համակարգերը չեն կարողանում կառավարել: Նախորդ իշխանության հետ համեմատությամբ՝ գործող կառավարությունն ընդամենը կոսմետիկ փոփոխություններ է արել»:
Դավիթ Սարգսյան